Արմավիրի մարզում մի խումբ երևանցիների ու Արաքս գյուղի բնակիչների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. կա վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում մի խումբ երևանցիների ու Արաքս գյուղի բնակիչների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. կա վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երե՝ մայիսիս 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Գյուղ է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը: Ոստիկանների հարցումներին, թե արդյոք գյուղում նման դեպք է տեղի ունեցել, շատ գյուղացիներ «բերանները ջուր առած» հերքել են, թե նման բան է տեղի ունեցել, ասելով, թե այդ ամենը ասեկոսներ են, սակայն Վաղարշապատի ոստիկանները, վստահ լինելով ստացած օպերատիվ տվյալներով՝ տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Գրիգոր Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ, ըստ նախնական տեղեկությունների՝ նրա ընկերներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, բաեբախտաբար, դրա արդյունքում տուժածներ չկան: Վաղարշապատի ոստիկանները՝ բաժնի պետ Ռ. Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Գեղամ Խ.-ին, ով եղել է Mercedes մակնիշի 50 QO 100 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրա ուղևորներ Ռոբերտ Մ.-ին, Գուրգեն Գ.-ին, Գագիկ Հ.-ին և Վահե Խ.-ին ու Արտյոմ Տ.-ին, ով եղել է Mercedes մակնիշի 21 AT 211 համարանիշի ավտոմեքենայով:

Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Գրիգոր Բ.-ն: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առիթվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com