Կարմիր բլուր դամբարանադաշտում իրականցված պեղումների արդյունքում հայտնաբերվել են 280 դամբարան, դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:
Նա ասաց, որ այդ դամբարանադաշտը հայտնաբերվել է ճանապարհային շինարարության շնորհիվ:
«Այդ տարածքը ամբողջությամբ ուսումնասիրվել է, և գտածոները տեղափոխվել են, ինչից հետո կառուցվեց ճանապարհը»,- ընդգծեց նա: Ըստ նրա` եթե չլինեին ճանապարհաշինական աշխատանքները, երբեք հնարավոր չեր լինի հայտնաբերել դամբարանադաշտը, քանզի տվյալ մասում մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել:
«Վերջերս մասնակցել եմ Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում կազմակերպված միջազգային կլոր սեղանին և կարող եմ ասել, որ այս գտածոները բավականին մեծ հետաքրքրություն առաջացրին գիտնականների շրջանում»,- ասաց նա:
Անդրադառնալով Աղձնիքի հայոց արքաների դամբարանի հայտնաբերմանը՝ Սիմոնյանը, մասնավորապես, նշեց. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մեր պատմիչներ Մովսես Խորենացին և Փավստոս Բուզանդը առասպելներ չեն գրել: Այսինքն՝ այն պատմությունը, որ պարսիկներից հայոց բանակը կարողացել է ետ վերցնել արքաների ոսկորները, իրականություն է»,- ընդգծեց նա: