Առնվազն 7 մարդ ԱՄՆ 5 նահանգներում վարակված է եղել կորոնավիրուսով մինչեւ Նյու Յորքում վարակի առաջին բռնկման մասին հայտարարությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) հետազոտության արդյունքներում։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները վերլուծել են պացիենտների արյան ավելի քան 24 000 նմուշներ Ամերիկայի բոլոր նահանգներից, որոնք հավաքվել են 2020թ. հունվար-մարտին անցկացված հետազոտական ծրագրի շրջանակում։ Յուրաքանչյուր նմուշ երկու տարբեր համակարգերով թեստավորվել է SARS-CoV-2-ի հանդեպ հակամարմինների հայտնաբերման համար։
Հակամարմիններ հայտնաբերվել են արյան երեք նմուշում, որոնք վերցվել էին 2020թ. հունվարի սկզբին Իլինոյսում, եւս չորսը՝ Մասաչուսեթսում, Միսիսիպիում, Փենսիլվանիայում եւ Վիսքոնսինում։ Գիտնականների խոսքով՝ ենթադրաբար վարակումները տեղի էին ունեցել 2019թ. դեկտեմբերին, այսինքն՝ այդ նահանգներում SARS-CoV-2-ի առաջին գրանցված դեպքերից առաջ։ Վիրուսով վարակվածները բավական հեռու են ապրում Նյու Յորքից, որը դարձավ ԱՄՆ-ում համավարակի առաջին «թեժ կետը»։
«Տվյալները ցույց են տալիս, որ թեստավորման ավելի արագ եւ համատարած ներդրումը կարող էր մեզ թույլ տալ ավելի լավ հասկանալ, որ կորոնավիրուսի տարածումը սկսվել է ավելի վաղ, քան ենթադրվում էր սկզբում»,- Reuters-ը մեջբերում է վարակիչ հիվանդությունների եւ ակնաբուժության GlobalData-ի տնօրեն Մայքլ Բրինին։
news.am