Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր քարտուղար Թերեզա Լագոյից (Պորտուգալիա) տեղեկանում ենք, որ հայտնի են դարձել ՄԱՄ բաժանմունքների և հանձնաժողովների նոր կազմերը, որոնք աշխատելու են 2021-2024թթ․։
C4 հանձնաժողովի («Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը») կազմում վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը։
Ներկայումս այդ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։ Ըստ մտահղացման՝ այդ ցանկը ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։
Հայաստանի կողմից ներկայացվելիք ցանկը մշակվում է ԲԱ կողմից և իր մեջ ներառելու է հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը։