Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը Ֆեյսբուքում գրում է.
«2015-ին՝ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին, Թուրքիայի գլխավոր հրատարակչություններից «Ջանը» լույս ընծայեց մի ուշագրավ ժողովածու՝ «Մեր ներսի հայը», որտեղ երկրում համբավ վայելող 35 մտավորական, ընդունելով ցեղասպանության փաստը, անդրադարձել են Եղեռնին առնչվող բազմաթիվ ու տարատեսակ իրողությունների՝ լույս աշխարհ բերելով իրենց «ներսի հային»:
Գիրքը, որ կազմել է թուրք ճանաչված գրող և թարգմանիչ Յիղիթ Բեները, ընդգրկում է ամենատարբեր բնույթի գործեր՝ գեղարվեստական արձակ, չափածո, էսսե, հրապարակախոսություն, հուշեր և այլն: Իհարկե, այդ ամենը ոչ միայն տարաժանր է, այլև տարարժեք, բայց ամեն դեպքում արտակարգ հետաքրքիր:
Եվ ահա լույս է տեսել շատ կարևոր այս գրքի հայերեն տարբերակը, որի վրա ինձ ևս վիճակվել է աշխատել որպես խմբագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցու հետ: Հայերեն հրատարակության նախաձեռնությունը հենց Արմեն Հայաստանցունն է:
Ժողովածուի տեքստերը թուրքերենից թարգմանել են Նարինե Թադևոսյանը, Արփի Աթաբեկյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալայանը, Տաթևիկ Սարգսյանը, Սաթենիկ Պետրոսյանը, Գայանե Այվազյանը և Նարեկ Սեֆերյանը:
Յիղիթ Բեները թուրքերեն հրատարակության առաջաբանից ու վերջաբանից զատ, հատուկ առաջաբան է գրել և հայերեն տարբերակի համար:
Գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը»: