«Ես փախչում եմ այն իրականությունից, որն իմն է, որին պատկանում եմ ես, բայց նաև որում չեմ գտնում իմ կորցրած մանկության գույները:
Հայելին կարծես գեղադիտակ է, որի մանր ու բազմագույն ապակու կտորները տարբեր են ու ցիրուցան այնպես, ինչպես որ ես, ինչպես իմ կյանքը: Կամ էլ թե չէ՝ հայելին ինձ պես անգույն է. առաստաղի լույսերն են, որ կուրացնում են լայնացած բիբերս ու թվացյալ գունավոր պատրանք ստեղծում:
Որպես բառազրկված պատկեր, ինչպես մնջախաղից դուրս մնացած հատված, հուսազուրկ, ինչպես դաշտի մեջտեղում չորացած մի ծառ, որը վաղուց չի սոսափում քամիներից, ես լուռ կրում եմ ցավը բաժանումների, վերջաբանների, ինչ-որ բան նորից սկսելու ցավը, բթացած ցավի մասին մտքերի ցավը»,- այս տողերն արտացոլված են աստվածաբան, գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանի նոր՝ «Հայելապատում» վիպակում, որն օրեր անց կհանձնվի ընթերցողի դատին:
– Դավիթ, ինչի՞ մասին են պատմում հայելիները։ Որքա՞ն ժամանակ է պահանջվել այն գրելու համար։
– Հայելիները մեզ պատմում են մեր ապրումների, մեր երկրի ու հասարակության, մարդկանց հետ մեր հարաբերության ու բացթողումների, քաղաքների ու փախուստների մասին: Այս գրքում հայելիները մեր երկրից դուրս գոյություն ունեցող կյանքը ևս ցույց են տալիս: Գիրքը հավանաբար շատ ավելի արագ կգրվեր, եթե ցավոտ զգացողություններ ու իրադարձություններ չլինեին՝ չլիներ պատերազմն ու դրան հաջորդած, դեռ շարունակվող անցանկալի ու երբեմն էլ անհասկանալի, անընդունելի դեպքերը: Մեկ տարուց մի փոքր ավելի է իրականում տևել, բայց գաղափարը մոտ երկու տարի է, ինչ կար:
– Հերոսները մտացածի՞ն են, թե՞ ապրել են կամ ապրում են մեր կողքին։
– Հերոսներն ապրում են, բայց ոչ մեր կողքին: Յուրաքանչյուր պերսոնաժի հիմքում իրական մարդ է, բայց միշտ չէ, որ նրա հետ կապված սյուժետային գծում նկարագրված է հենց նրա հետ պատահածը կամ կատարվածը:
– Գրքում հետաքրքրիր տող կա: Հերոսը, հերթական անգամ թերթ գնելուց, կարդում է մի գլխագիր. ««Օմարի լեռնանցքն ազատագրված է››: Մինչ այդ մտածում էի, որ լեռները միշտ ազատ են, որ լեռներում միշտ ազատ են լինում, բայց պարզվեց, որ ազատ լինելու համար նախ պետք է լեռներին տիրես, քաղաքներում հանգիստ ապրելու համար պետք է անպայման լեռներ ունենաս»: Ի՞նչ հետք թողեց քո հոգում արցախյան 2-րդ պատերազմը, և ըստ քեզ՝ ի՞նչ պետք է անենք՝ կրկին մեր հողերը վերադարձնելու և տեր կանգնելու համար։
– Նախ պետք է գոնե հայրենիքից մնացած այս փոքր հատվածը սիրել: Պետք է սիրել ոչ թե վիրտուալ, տեսականորեն, այլ առարկայական: Պետք է ինքնաճանաչողությամբ զբաղվել ու սեփական ինքնությունը վերգտնել, կրթվել, դրական առումով զարգանալ և հզորանալ: Թույլերի հետ ոչ ոք հաշվի չի նստում: Եվ ամենից առաջ՝ պետք է մնալ այս երկրում:
Հետքերը… կարծես ինչ-որ մեկը կեղտոտ ոտքերը մաքրեց մեր հոգու և հիշողության վրա ու փորձեց զրոյացնել անցած 30 տարվա ապրածը, տեսածն ու զգացածը: Պարտվելն էլ է մարդու համար, բայց նսեմացնելը, այսինքն՝ նսեմանալը… պետք է անգամ պարտվելիս արժանապատվությունը չկորցնել:
– Գիրքը մի մարդու ճակատագրի մասին է, ով երջանկություն է փնտրում երկրից դուրս, որովհետև փոքր տարիքում՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նրան արտերկիր են տարել, իսկ վերադարձից հետո սկսում է փնտրել մանկության գույները, չհամակերպվել այստեղի կյանքին, ու ամեն ինչ անում է, որ նորից դուրս գնա։ Արդյո՞ք այստեղ ամբողջացվում է սփյուռքահայերի կերպարը, ովքեր, կարելի է ասել՝ մեծ մասամբ հեռվից են սիրում հայրենիքը, սակայն այստեղ ապրելու չեն գալիս։ Քո հերոսին ի՞նչը հիասթափեցրեց։
– Հերոսն անգամ չի սիրում իր հայրենիքը: Դրսի կյանքն ու հայրենիքի իրականությունը բախվում են նրա ներսում, ինչն էլ առիթ է դառնում երկրից հեռանալու նրա ցանկությանը: Սփյուռքահայերի պարագայում այլ է. կարոտը խտանում է նրանց մեջ, բայց ավելի հեշտ է սիրել հայրենիքը հեռվից՝ չառերեսվելով խնդիրերին, սեփական մաշկի վրա չզգալով հայրենիքի ցավերն ու պրոբլեմները: Երբ այդ թվարկածս կարոտն ու հայրենիքի ցավը շոշափելի է դառնում, մարդը վերադառնում է: Սիրելու համար պետք է ուժեղ լինես:
Հերոսի՝ Միքայել Ավետիսյանի դեպքում առերեսում-հատուցում, պատրանք-իրականություն կապն է գործում: Երբեմն արտաքին երևութներից հիասթափվելուց առաջ պետք է ինքդ քո արատներից հիասթափվես, այլապես կործանումն անխուսափելի է…:
Անի Կարապետյան