Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը Ֆեյսբուքում գրում է.
«Ժենյա Ներսիսյանը, որ բոլորեց ծննդյան 90 տարին, վաղուց դրոշմվելով մտապատկերներիս մեջ, իմ կյանքի ուղեկիցն է դարձել, ինչպես երկինքը, քամին, ծառերը, թռչունները, ջուրը, ամեն հրաշալիք, որի համար արժե աշխարհ գալ ու ապրել: Իրական աշխարհում նրան ընդամենը մի անգամ եմ տեսել, տարիներ առաջ, Աբովյան փողոցում: Հակառակ պատկառելի տարիքին՝ ուղիղ էր, սլացիկ, գալիս էր եռանդուն քայլքով, Մառլեն Դիթրիխի նման հին աստղերի պես գլխաշոր էր կապել և անբացատրելի մագնիսականություն էր ճառագում: Շատ կուզեի մոտենալ ու խոստովանել, թե ինչքան եմ իրեն սիրում, բայց սիրտ չարեցի, բացի դրանից էլ՝ նման սիրո խոստովանություններ շատ լսած կլիներ և էդպես էլ անցավ գնաց բեմից թե էկրանից պոկված տեսիլքի պես իմ հիացական հայացքի առաջ:
Բեմում էլ եմ Ժենյա Ներսիսյանին ընդամենը մի անգամ տեսել. 2012-ին էր, Էրիկ-Էմանյուել Շմիտի «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» պիեսում, որը բեմադրել էր Վահան Բադալյանը Փոքր թատրոնում: Հենց որ դերասանուհու անունը կարդացի ազդագրին, որոշեցի անպայման ներկայացումը նայել. հեռուստաթատրոնի վաղեմի տարիներից ի վեր էլ չէի տեսել նրան, և Ժենյա Ներսիսյանը մնացել էր իմ մեջ որպես պատանության երանավետ ժամանակների մի քաղցր վերհուշ: Ընկերոջս՝ նրա թունդ երկրպագու Սարգիս Դավթյանի հետ գնացի ներկայացման: Մենաներկայացում էր. և՛ Օսկարի՝ տասնամյա մահացու հիվանդ տղայի, և՛ նրան սփոփելու ծանր գործը ստանձնած վարդագույն տիկնոջ դերը Ժենյա Ներսիսյանն էր խաղում: Թե ինչ հուզական փոթորիկ ապրեցինք երկուսս էլ, բառերով անկարելի է նկարագրել, այդ աներևակայելի կինը ստիպեց մեզ ակամայից այնքան արցունք թափել, որ քիչ մնաց Փոքր թատրոնի հանդիսասրահում մի Փարվանա առաջացնեինք: Նման կատարսիս մեկ էլ Մհեր Մկրտչյանին «Հացագործին կինը» ներկայացման մեջ տեսնելիս եմ ապրել: Այդ օրը Ժենյա Ներսիսյանը իհարկե վավերացրեց մեծ դերասանուհու իր վարկը, բայց և տասնապատիկ հատուցեց մեր սերը, հիացմունքն իր հանդեպ, այլ կերպ ասած՝ լիովին արդարացրեց մեր հուշերը: Եվ ես ոչ միայն երբեք չեմ մոռանա դա, այլև միշտ շնորհակալ կլինեմ նրան»: