Մազերը կարող են շատ բան վկայել առողջական խնդիրների մասին: Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի խնդիր, որոնց մասին կարող եք հասկանալ մազերի օգնությամբ:
Հարկավոր է պաշտպանվել արևից: Արևի լույսը կարևոր է առողջության համար, բայց ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել թե մաշկը, թե մազերը: Եթե մազերը չորացել են, բարակել, թուլացել, հարկավոր է դրանք պաշտպանել արևի ճառագայթներից:
Հարկավոր է շտկել սննդակարգը: Մազերի թուլությունը, փայլի կորուստը կարող են վկայել սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին, ինչն իր հերթին՝ բացասաբար է անդրադառնում սրտի և այլ կարևոր օրգանների աշխատանքի վրա: Ամենօրյա սննդակարգ ներառեք մրգեր, բանջարեղեն, քիչ քանակով մշակված մթերք օգտագործեք:
Ատամների առողջության հետ կապված խնդիրներ: «Journal of Clinical Investigation» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կերատինի անբավարար մակարդակը, ինչի հետևանքով մազերը բարակում են, հաճախ խճճվում, բացասաբար է անդրադառնում նաև ատամների առողջության վրա:
Դեպրեսիա: Երկարատև սթրեսը, տագնապայնությունը կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ: Դրանք հյուծում են մազերը, մազաթափության պատճառ դառնում: Եթե ինտենսիվ մազաթափություն է նկատվում, դիմեք մասնագետի օգնությանը:
Հարկավոր է փոխել հակաբեղմնավորիչները: Հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործման հետևանքով մազերը կարող են կորցնել փայլը, դառնալ չոր, թույլ ու բարակ: Եթե նման խնդիրներ եք նկատել, դիմեք գինեկոլոգին, ով նշանակել է դեղամիջոցները: Հնարավոր է՝ կարիք կլինի փոխել դրանք:
Հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Մազերի «հյուծումը» կարող է վկայել հիպոթիրեոզի մասին՝ հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում: Բացի այդ՝ մազերի թուլացումը կարող է վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի մասին: Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը