Գաղտնի պատմությունների փողոցը։
Այս փողոցում է ապրել Զնգոն, որը տատմեր էր։ Պատմում են, որ Զնգոյի մոտ են եկել այն կանայք, որոնք ուզում էին ընդհատել հղիությունը։ Մի անգամ մի կին է եկել, փող չունենալու պատճառով իր կապույտ մատանին է տվել Զնգոյին։ Զնգոն այդ մատանին տվել է իր սիրեցյալներից մեկին։ Տիրատուրենց Մարգարի ղայֆախանում այդ կնոջ ամուսինը տեսնում է իր կնոջ մատանին ինչ-որ մեկի մատին, հարցնում է, թե սա ո՞ւմ մատանին է, տղամարդն ասում է՝ կնոջդ մատանին է, ինքն էր նվեր տվել, բայց չի ասում, թե ինչ ճանապարհով է իրեն հասել։ Այս մարդը՝ Ավդալենց Թաթոսը, գալիս է տուն, կնոջը սպանում է, իսկ տարիներ անց, երբ իմանում է ողջ ճշմարտությունը, մեղքի զգացում է ունենում, գնում է Արշակ Բրուտյանի մոտ, պատվիրում է, որ իրեն նկարի, նկարվում է, ու ինքն իրեն կախում է։
Սա իրական պատմություն է, վավերագիրը «Կումայրի» արգելոց- թանգարանում պահպանվող Արշակ Բրուտյանի կողմից նկարված Ավդալենց Թաթոսի յուղաներկ-դիմանկարն է։ Այդ դիմանկարում նա մեղքից թմրած հայացքով է։ Առ այսօր էլ Գյումրին հիշում է այդ պատմությունը, կա «Զնգոյի վարտիք» արտահայտությունը, այսինքն Զնգոն բոլորի տունը գնում էր, բոլորի կյանքի պատմություններին տեղյակ էր:
Լուսանկարը՝ Mirzakhanyan Gallery, Ռուսթավելի փողոց։