Steptohealth.ru-ն գրում է, որ հորմոնալ փոփոխությունների հետևանքով դեմքին կարող են բշտիկներ առաջանալ, որոնք հաճախ նաև հետքեր են թողնում։ Բշտիկներն առաջանում են ճարպագեղձերի աշխատանքի ակտիվացման հետևանքով. այս դեպքում մեծ քանակով մաշկային ճարպ է առաջանում, և բազմանում են բակտերիաներ։ Սովորաբար ակնեն հանդիպում է դեմքի ու մեջքի շրջանում։ Առավել բարդ դեպքերում խնդիրն ուղեկցվում է մեծ բշտիկների առկայությամբ, որոնց ձեռք տալու դեպքում մաշկին հետքեր են մնում։
Ակնեի հետքերը սովորաբար երկու տեսակ են լինում՝ պիգմենտավորված և փոսիկների նման։ Առաջին դեպքում հետքերը վարդագույն են կամ շագանակագույն, ինչի հետևանքով նկատելի են դառնում։ Երկրորդի դեպքում դեմքին կարող են փոսիկներ առաջանալ։
Ինչպես բնական միջոցներով ազատվել ակնեի հետքերից
Հաշվի առեք, որ օգտագործվող միջոցների արդյունավետությունը չի կարող միանգամից նկատելի դառնալ։ Ցանկալի արդյունքի հասնելու ընտրված միջոցը պետք է օգտագործել ամեն օր՝ քնելուց առաջ։ Երկարատև օգտագործման դեպքում կնկատեք դրական արդյունքը։
- Ալոէ վերա։ Ալոէի տերևների հյութը նյութեր է պարունակում, որոնք վերականգնող հատկություններ ունեն։ Մեկ թեյի գդալ ալոէ վերայի հյութ քսեք մաշկի վնասված հատվածներին։ 30 րոպե անց լվացեք տաք ջրով։
- Կերակրի սոդա։ Սոդան արդյունավետ միջոց է ոչ խորը վնասվածքների համար։ Թրջեք դեմքը, վնաասված հատվածներին սոդա քսեք, սպասեք մի քանի րոպե, լվացվեք տաք ջրով։
- Այս միջոցը խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել։ Մեծ քանակով սոդան կարող է վնասել զգայուն մաշկը։ Ցանկալի արդյունքի հասնելու համար բավարար է այն օգտագործել շաբաթվա ընթացքում մեկ անգամ։
- Կիտրոն։ Կիտրոնի հյութը մաշկը սպիտակեցնելու արդյունավետ միջոց է։ Բամբակե կտորը թրջեք կիտրոնի հյութով, դրեք մաշկի վնասված հատվածին, թողեք 15 րոպե։ Թույլ մի տվեք, որ կիտրոնով մշակված հատվածը հայտնվի արևի ճառագայթների ազդեցության տակ։ Դա կարող է լրջորեն վնասել մաշկը։ Այս միջոցն օգտագործեք երեկոյան, ցանկալի է՝ քնելուց առաջ։
- Մեղր։ Այս մթերքը փափկեցնող և վերականգնող հատկություններ ունի։ Եթե յուղոտ մաշկ ունեք, իդեալական միջոց է մեղրի ու ձվի դեղնուցի խառնուրդը։ Խառնուրդը քսեք մաշկի վնասված հատվածին, 20 րոպե անց լվացեք ջրով։
- Մասուրի յուղ։ Մասուրը ևս վերականգնող հատկություններ ունի։ Այն մաշկին կարող եք քսել քնելուց առաջ։
- Լոլիկ։ Լոլիկը հարուստ է բետա-կարոտինով, ինչի շնորհիվ հրաշալի միջոց է մաշկի խնամքի համար։ Շրջանաձև կտրատեք լոլիկը, դրեք դեմքին, սպասեք 10 րոպե։ Կարող եք նաև լոլիկի և վարունգի հյութերից տոնիկ պատրաստել։ Քամեք մեկ լոլիկի և կես վարունգի հյութը, քսեք մաշկի վնասված հատվածին։
- Վիտամին E: Վիտամին E-ն օգնում է վերականգնել մաշկը, դրան փայլ է հաղորդում և համարվում է ամենաարդյունավետ միջոցը՝ ակնեի հետքերի դեմ պայքարում։ Ամենօրյա օգտագործման դեպքում հետքերն աստիճանաբար աննկատ կդառնան։ Վիտամին E-ն դեմքին քսեք նուրբ, մերսող շարժումներով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը