«Ի վերջո, ես հայտարարում եմ, որ ընթերցանության նման հաճույք չկա: Որքան արագ կարող է որևէ բան ձանձրացնել, բայց ոչ գիրքը: Երբ ունենամ իմ սեփական տունը, ես դժբախտ կլինեմ, եթե չունենամ գերազանց գրադարան». «Հպարտություն և նախապաշարմունք», Ջեյն Օսթին:
Ընթերցող պետք է դառնալ փոքր հասակից. սկզբում՝ քնելուց առաջ հեքիաթներ, հետո առաջին ինքնուրույն քայլերը՝ տառերը սովորելուց հետո, ինչին հաջորդում են պարտադիր գրականության դպրոցական ցանկերը և ազատ ընթերցանության ժամերը: Այս ամենը ձևավորում են ազատ երևակայությամբ և նոր աշխարհներ բացահայտելու պատրաստ միտք, որ փնտրում է առիթ՝ միտքն ու հոգին գրքի նոր էջերով լցնելու համար:
168.am-ը նոր շարք է սկսում, որի շրջանակներում հայտնի ընթերցասեր մարդիկ 5 գիրք կառաջարկեն ընթերցել երեխաներին: Շարքը սկսում ենք ընթերցասեր կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանի առանձնացրած 5 գրքերով:
«Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» – Վիլյամ Սարոյան
Այս երկու վիպակները լույս տեսել են մեկ տարվա տարբերությամբ. «Մայրիկը»՝ 1956-ին, «Հայրիկը»՝ 1957-ին: Առաջին վիպակը ամերիկահայ գրողը ձոնել է դստերը՝ Լուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին:
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակի առաջաբանում հեղինակը գրում է․
«Ես վճռեցի գրել այս գիրքը, որովհետև 1953-ին, երբ տասը տարեկան էիր, դու՛ խնդրեցիր ինձ, և որովհետև 1918-ին, երբ ես ինքս էի տասը տարեկան, իմ գրողական հմտությունը հավասարազոր չէր այն ամենին, ինչ որ կուզենայի ասել։ Հիմա, վերջապես, գրեցի գիրքս, կամ ավելի ճիշտ՝ հենց դու էլ գրեցիր»:
««Հայրիկն» ավանդաբար ավելի բարձր է գնահատվում իր բովանդակային խորքով ու ընդգրկմամբ, իսկ «Մայրիկն» ընդունված է համարել առավելապես թեթևաշունչ թատերական վեպ, որը հաճելի ընթերցանություն է ապահովում, բայց բավական սենտիմենտալ է և «քաղցրահամ», մանավանդ որ Սարոյանին հաճախ են մեղադրել սենտիմենտալության համար (նա այդ մեղադրանքին հակադարձում էր՝ հավաստիացնելով, թե անհնար է մարդ լինել և սենտիմենտալ չլինել)»,- անդրադառնալով վիպակների համեմատական արժևորմանը՝ mediamax.am-ի (https://mediamax.am/am/news/BookHouse/33379/) հետ զրույցում նշել է Զավեն Բոյաջյանը:
«Փոքրիկ իշխանը» – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր առաջին մանկական հեքիաթ-վիպակը գրել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում: Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։
Շատերը գիտեն գրքի գլխավոր հերոսներին՝ Փոքրիկ իշխանին, Վարդին, Աղվեսին և Հարբեցողին, բայց շատ անգամ վերընթերցանություններ են հարկավոր հասկանալու համար, որ գիրքը պատերազմի մասին է: Եվ շատ խորը հոգեբանական մակարդակում գրողը ընկալում է Ֆրանսիայի պարտությունը ոչ միայն որպես պարտություն մարտում, այլև իմաստի կորուստ:
Գրքում անապատի տեսարանը գրողը պատկերել է սեփական փորձառությունից. օդաչու Սենտ-Էքզյուպերին 1935 թվականին մեկ շաբաթ կորել էր Արաբական անապատում: Իսկ Փոքրիկ իշխանի և Վարդի սիրո պատմությունը ոգեշնչված է գրողի և նրա կնոջ՝ Կոնսուելոյի կրքոտ սիրավեպից:
«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» – Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն շատ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հատկապես երիտասարդության շրջանում և նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային մշակույթի վրա։
Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին Թայմ պարբերականը վեպն ընդգրկել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկել է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։
«Մատանիների տիրակալը» – Ջոն Թոլքին
Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպը ֆենթըզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկն է: Վերնագիրը վերաբերվում է նովելի հիմնական հակահերոսին՝ Լորդ Սաուրոնին, ով ավելի վաղ շրջանում ստեղծել էր Համիշխանության մատանին, որպես անսահման հզոր զենք, նվաճելու մյուս Հզորության մատանիները և կառավարելու Միջերկիրը։ Պատմությունը սկսում է «Շայր» կոչվող վայրից։ Այն պատմվում է հիմնական կերպարների ՝ Ֆրոդո Բեգինսի, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրանդիբուք և Փերիգրին Տուկ հոբբիթների կողմից, ինչպես նաև նրանց ընկերների և հավատարիմ կողմնակիցների՝ Արագորնի (Հյուսիսի Օտարականը), Բորոմիրի (Գոնդորի զորքի գլխավոր հրամանատար), Գիմլիի՝ թզուկ մարտիկի, էլֆերի արքայազն Լեգոլասի և Հրաշագործ Գենդալֆի։
Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը – Ջոան Ռոուլինգ
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշարը վստահաբար կգոհացնի փոքրիկ ընթերցողին մոգության և երևակայական աշխարհների մասին պատմություններով: Գրքերից յուրաքանչյուրում նկարագրվում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը:
Անի Գաբուզյան