Շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է, իսկ երկու 0-ները վտանգավոր են. նշանագետը՝ Անկախության 30-ամյակի լոգոյի և կարգախոսի մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է, իսկ երկու 0-ները վտանգավոր են. նշանագետը՝ Անկախության 30-ամյակի լոգոյի և կարգախոսի մասին. armdaily.am

Անկախության 30-ամյակի լոգոյի 0-ն շատ կասկածելի է ինձ թվում, ուշադիր եթե նայում ենք՝ այն երկու 0 է դառնում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, նշանագետ Հայկազուն Ալվրցյանը՝ մեկնաբանելով Անկախության 30-ամյակի համար կառավարության կողմից ընտրված լոգոն։

«Ըստ էության փոքր և մեծ զրոներ են՝ երեք թվի նարնջագույն հատվածը, որը փոքր զրոյի տպավորություն է թողնում, և կապույտ մեծ զրոն։ Շատ վտանգավոր է։ Կապույտը լիարժեք չէ, չի երևում կապը։ Առաջինը, որ տեսնում ես, երկու զրոյի տպավորություն ես ստանում, իսկ այդ երկու զրոն զրո է՝ 0+0=0, դա ոչինչ է։ Նաև ակնհայտ է, որ եռագույնի և 30-ի խորհուրդն են ուզեցել դնել։ Տարեթվերն էլ գրել են, որ հիշեցնեն՝ 0 չէ, 1991-2021 թվականն է, բայց չգիտես ինչու, երբ նայում ես առաջինը այդ երկու 0-ն են աչքիդ ընկնում»,- նշում է փորձագետը։

Ուսումնասիրելով լոգոն՝ Ալվրցյանը նշում է, որ ընդհանուր կիսատության և ոչ ամբողջականության տպավորություն է այն թողնում։

«Կապույտ 0-ն վերևից մասնատվում է, ներքևից էլ չի փակվում, նարնջագույն հատվածն էլ կիսատ է, կարմիր հատվածն էլ չի կպնում նարնջագույնի հետ։ Այսինքն 3-ը չի գիտակցվում։ Մասնագիտական առումով սրանք բավականին լուրջ թերություններ ունեն, որովհետև նման դեպքում պետք է անպայման կապ լինի՝ երանգով, բաց գույնով սկսվի մուգով ավարտվի, կամ այլ եղանակներով։ Իմաստային առումով բավականին կիսատպռատություն կա մեջը, և բավականին վտանգավորություն՝ այդ երկու 0-ն»,- նշում է Ալվրցյանը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Անկախության 30-ամյակի լոգոն ավելի շատ խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարիները, կամ ընտրություններում հենց 3-րդ համարի ներքո հանդես գալը, փորձագետը նշում է. «Հասկանալի է՝ իրենք էլ են սա իրենց հայրենիքը համարում, 3-րդ համարն են, իրենք էլ ասում են 30 տարի մեր հայրենիքի հետ, թեև մեր և իրենց հայրենիքների ընկալումները խիստ տարբեր են։

Նա նշում է, որ և ընտրված դիզայնը, և կարգախոսը հաջողված չեն։

«Ի՞նչ է նշանակում՝ «Անկախ հայրենիքիս հետ»։ Այսինքն՝ ինչ։ Ես հայրենիքիս հետ չեմ, ես ինքս անկախ հայրենիքս եմ… Հասկանում եք՝ մարդուն և հայրենիքին մասնատում են։ Այստեղ կարևորում են անձի հանգամանքը, ոչ թե հենց հայրենիքի։ Իմ հայրենիքը 30 տարեկան է, բայց հայրենիքի անկախության 30-ամյակը այլ իմաստ ունի։ Անկախ հայրենիքիս հետ 30 տարի՝ որ ի՞նչ։ Այսինքն դրանից առաջ, որ հայրենիքս անկախ չէր՝ ես նրա հետ չէի՞, հիմա նրա հե՞տ եմ… 20 տարեկան երիտասարդները ի՞նչ ասեն, չէ՞ որ նրանք 30 տարվա անկախության հետ չեն եղել, իսկ իմ նման 60 տարեկանները իրենց հայրենիքի հետ եղել են շատ ավելի երկար։ Շատ վատ է ձևակերպված, կարգախոսի տեքստն էլ անիմաստ էր, շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է։ Թերևս ամենավատը տեքստն էր»,- ասաց Ալվրցյանը։

Նա նշում է, որ քանի որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները պետություն կառավարել չգիտեն, պետության հետ կապված ամեն ինչը շատ վատ են անում։

«Եթե ոչ միտումնավոր վատ, ապա բավական անճաշակ։ Նույնիսկ այն, ինչ անում են միտումնավոր և ինչ որ նշան, խորհուրդ մեջը դնելով, դարձյալ անում են անմակարդակ։ Ես այդ խորհրդանշանը չէի օգտագործի, և դա երկար կյանք չպետք է ունենա, և չի էլ կարող ունենալ։ Ես առանձնապես մեծ կարևորություն չեմ տալիս այսօրվա անցողիկ երևույթներին, բայց դրանք որոշ չափով ազդում են ենթագիտակցության վրա»,- ասաց փորձագետը։

Նա նաև ընդգծում է, որ ընդհանրապես սխալ է նշել Հայաստանի անկախության 30-ամյակը։

«Մենք պետք է նշենք Հայաստանի անկախության 123-ամյակը։ Ընդհանրապես մեր անկախությունը մենք ձեռք ենք բերել 1918 թվականին։ Եթե մենք ընդունում ենք, որ մենք Երրորդ հանրապետությունն ենք, եթե ընդունում ենք, որ Խորհրդային Միությունն էլ է եղել Հայաստանի Հանրապետություն, այսինքն այն նույնպես եղել է Առաջին Հանրապետության շարունակողը, իրավահաջորդը, ինչո՞ւ ես 30 ամյակը նշում, ես չեմ հասկանում։ Ինչո՞ւ չեք նշում 123-ամյակը։ Ինչո՞ւ ԵՊՀ-ի 122-ամյակն է, ոստիկանության 123-ամյակն է, իսկ Հայաստանի անկախ Հանրապետության 30-ամյակն է։ Բավականին չճշտված բաներ ունենք մենք մեր ընբռնումներում գիտական, քաղաքական հաստատումներում։ Մենք մեր պետության վերաբերյալ դեռ տեսակետ չունենք։ Մենք չգիտենք դեռ մեր պետությունը երբվանից  է անկախ, որերորդ հանրապետությունն է։ Այսինքն, որ ասում ենք 30 տարի անկախ հայրենիք՝ ընդունում ենք, որ մնացած տարիներին մենք անկախություն չենք ունեցել։ Նաև ինձ զայրացնում է այն, որ մենք չենք կարողանում բացատրություն տալ մեր ժողովրդին, ոչ էլ գիտական մակարդակում ենք կարողանում բացատրել, թե ինչու է կոչվում Երրորդ Հանրապետություն, եթե Երրորդ Հանրապետություն է՝ ինչու է 30-ամյա անկախություն»,- նկատում է Ալվրցյանը։

armdaily.am