Դեռ 2007 թվականին Վայոց ձորի մարզի Արենի-1 քարայրում իրականացրած պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել էին Ք.ա 4. 300-4.000 թվականներին թվագրվող երեք մարդկային գանգ, որոնք ուսումնասիրության առարկա էին դարձել:
Հայ գիտնականները, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստացել են գանգերի վերակազմությունները, ինչի հիման վրա հնարավոր է դարձել վերականգնել մեր հեռավոր նախնիների դեմքերն ու արտաքին տեսքը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում Արենիի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը հիշեցրեց, որ քարանձավը սկսել է պեղվել 2007 թվականին, և այն աշխարհին ճանաչելի է դարձել Եվրասիայի տարածքի ամենահին կոշիկի և գինու հնձանի հայտնաբերմամբ:
«Հնձանի շրջակայքում հայտնաբերվել է մարդկային երեք գանգ, որոնք սովորական չեն. եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ դրանք փայլեցված են, այսինքն՝ այստեղ ապրող հասարակության համար տվյալ մարդիկ եղել են շատ կարևոր՝ դառնալով պաշտամունքի առարկա: Տարիների ընթացքում գանգերն ուսումնասիրվել են հնագիտական, մարդաբանական տեսանկյունից՝ ԴՆԹ վերլուծությամբ: Մեզ համար պարզ է, որ այս երեք անհատներից երկուսը արական սեռի են, իսկ մեկը՝ իգական: Մեկը, ամենայն հավանականությամբ, վեց տարեկան երեխա է, մյուսը՝ 9, իսկ մյուսը՝ 18»,-պատմեց Գասպարյանը:
Չեխական «Մեր պատմությունը» կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Շինդելարին էկրանի վրա ցույց տվեց, թե ինչպես է իրականացվել գանգերի վերականգնումը: Լայնածավալ աշխատանքի ընթացքում պարզ է դարձել, որ 18-ամյա երիտասարդը ունեցել է շեկ մազեր և կապույտ աչքեր: Գիտնականները շեշտեցին, որ վերականգնումը 90 տոկոս ճշգրտությամբ համապատասխանում է իրականությանը: Մյուս երկու կանգերի վերականգնումը դեռ ընթացքի մեջ է:
«Արենի-1 քարայր» կոնսորցիումի գործադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Արթուր Պետրոսյանը շեշտեց, որ այն, ինչ ներկայացվում է, դեռ ամենը չէ, որ կարող է բավարարել այցելուներին, որովհետև, քարայրից բացի, այլ վայրերում ևս գանգեր և բազմաթիվ արժեքավոր գտածոներ կան, որոնք դեռ պետք է արժևորել այնպես, ինչպես «Արենիից երիտասարդին»: Նա նշեց, որ առաջ են քայլելու «Ուսումնասիրություն՝ հանուն ապագայի» նշանաբանով: «Մենք սկսել ենք քարայրի՝ թանգարան դարձնելու գործընթացը, պատրաստվում ենք արժևորել ոչ միայն Արենի-1-ը, այլև մարզի այլ հնավայրերը, որոնք պեղում է մեր արշավախումբը»,-ընդգծեց Պետրոսյանը:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խոսքով՝ Արենի-1 քարայրի բացահայտումն իրենց համար ունի կարևոր և խորհրդանշական դեր, քանի որ այն լույս է սփռում տարածքի հնագույն մարդու ապրելակերպի, նրա մշակույթի ու զարգացման վրա: «Այսքան տարիների աշխատանքի ուսումնասիրությունն այժմ էլ տալիս է նոր կարևորագույն բացահայտումներ, և պեղումներից հայտնաբերվում են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնց ուսումնասիրությունը դեռ նոր արդյունքներ է տալիս»,- ասաց նա:
Անդրադառնալով գանգերի վերականգնմանը՝ Գրիգորյանը նշեց, որ դա հնարավորություն է տալիս տեսնելու մեր նախնիների դեմքերը, ինչը մեծ ձեռքբերում է ինքներս մեզ ճանաչելու ճանապարհին:
Գանգերի վերականգնման գործընթացը կյանքի է կոչվել «Արենի-1» քարայր կոնսորցիումի («Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամ և ԱՄՆ Գֆոելլեր «Ռենեսանս» հիմնադրամ), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի (Պրահա), բրազիլացի հանրահայտ մարդաբան, 3D-դիզայներ Սիսեռո Մորաեսի և Քորքի համալսարանի համագործակցության արդյունքում: