«Գրքերն ամենաանաղմուկն ու ամենակայունն են ընկերներից. նրանք խորհրդատուներից ամենահասանելին և իմաստունն են, և ամենահամբերատարը՝ ուսուցիչներից». Չարլզ Ուիլյամ Էլիոթ:
168.am-ի նոր շարքի հերոսն այս անգամ կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն է, ով 5 գիրք է առաջարկում ընթերցել մարդկանց վաղ պատանեկության տարիներին: Կից ներկայացված են ռեժիսորի մեկնաբանություններն իր իսկ առաջարկած գրքերին:
- «Գարգանտյուա և Պանտագրյուել» – Ֆրանսուա Ռաբլե
«Երգիծական վեպ, որը ֆրանսիական նրբագեղ ու անզուսպ զվարճությամբ ծաղրի է ենթարկում իր ժամանակի հասարակական ինստիտուտներում տիրող տգիտությունն ու չտեսությունը, անկուշտությունն ու ստրկամտությունը։ Անկաշկանդ ու քննադատական մտքով ազատ քաղաքացի դաստիարակելու համար Ռաբլեի վեպն անփոխարինելի է»։
- «Ալիսան հրաշքների աշխարհում» – Լուիս Քերոլ
«Գրող և, որ այս դեպքում շատ էական է, մաթեմատիկոս Լուիս Քերոլի սպիտակ ճագարի հետևից վազող Ալիսայի ֆանտաստիկ տեսիլքները չափազանց կարևոր են երևակայությունը խթանելու, աբսուրդին ծանոթանալու, կաղապարներից ազատվելու համար»:
- «Թոմ Սոյերի արկածները» – Մարկ Տվեն
«Վաղ պատանեկության տարիքում շրջապատող աշխարհը բացահայտելու լավագույն ուղեցույցը՝ 12 տարեկան Թոմասի կաշվի մեջ մտնելով։ Պատմություն ընկերության, պատանեկան առաջին սիրո, մահացու վտանգի հետ առերեսվելու մասին»:
- «Երեք հրացանակիրները» 1844թ․, «Քսան տարի անց» 1845թ․, «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ տասը տարի անց» 1850թ․, «Կոմս Մոնտե-Քրիստո» 1844թ․ – Ալեքսանդր Դյումա
«Դյումայի ռոմանտիկ հերոսները կսովորեցնեն լինել համարձակ, անվախ, արժանապատիվ, անարդարության հանդեպ կտրուկ անհանդուրժող։ Սրանք չափազանց կարևոր առաքինություններ են, որ ձևավորվելով վաղ տարիքում, պետք կգան ամբողջ կյանքի համար»:
- «Քսան հազար լյո ջրի տակ» – Ժյուլ Վեռն
«Տղամարդը միշտ ճանապարհորդ է, անհայտ տարածքներ բացահայտող, Կապիտան Նեմոյի ստորջրյա սուզանավը կօգնի տղաներին ինչ-որ կերպ մնալ, դիմանալ տանը և անցկացնել դեռահասությունը՝ աշխարհը նվաճելու համար բաց նավարկության դուրս գալուց առաջ»:
Անի Գաբուզյան