«Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Ավետիք Չալաբյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։

Ոմանց կյանքում գուցե պատերազմից հետո էլ շատ բան չի փոխվել, բայց հասարակության այն մասի համար, որն ընդունակ է մտածել և վերլուծել, եկել է այն ցավոտ գիտակցությունը, որ այն ամբողջ իրականությունը, որը ձևավորվել էր 1994 թ․ հետո՝ ամուր սահմաններ, մարտունակ բանակ, անվտանգ ճանապարհներ, մեզ համար այլևս երաշխավորված չեն։ Պատերազմում կրած պարտության պատճառով մեր տարածքը կրճատվել է, սահմանները երկարել ու դարձել են ավելի խոցելի, բանակը ցավալի կորուստներ է կրել մարտի դաշտում, մի շարք ռազմավարական ճանապարհներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մի քանիսին էլ այն շարունակում է հավակնել սպասվելիք սահմանազատման արդյունքում։ Ինչը թերևս ակնհայտ չի առօրյա կյանքում, բայց առավել ճակատագրական է՝ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, դարձել է խաղաքարտ տարածաշրջանային տերությունների կողմից մղվող բազմաչափ հակամարտության մեջ, որտեղ մեր բնակավայրերը և տարածքները ստվերային մեկ պայմանավորվածությամբ կարող են փոխանակվել Սիրիական Իդլիբում ինչ որ մի ճանապարհի, կամ Լիբիայում ինչ որ մի նավթահանքի հետ։

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։ Նույնիսկ այդ պայմաններում բանակը հերոսական կռիվ մղեց, և ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Սակայն պատերազմները կռվում են ոչ միայն բանակները, այլ պետությունները, և նույնիսկ հերոսաբար կռվող բանակը չի կարող շրջել պատերազմի ընթացքը, եթե պետությունը, որպես ամբողջություն, այն տանուլ է տվել։ Իսկ մենք տանուլ էինք տվել այս պատերազմն այն պահից, երբ նրա մեջ բացահայտ ներքաշվեց Թուրքիան, առանց բավարար հակազդեցություն ստանալու Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոմիությունից՝ այն երեք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք միասին կոչված էին ապահովել կայունությունը մեր տարածաշրջանում։ Արդյունքում, հայկական պետության ձախողումների համար մենք ծայրահեղ թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մարդկային կյանքերով, հսկայական կորսված տարածքներով, վիթխարի նյութական կորուստներով, և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության կորստով։

Որքան էլ ծանր լինեն սակայն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և մենք վաղաժամ թևաթափ լինելու իրավունք չունենք։ Թուրքիայի պանթուրքիստական ախորժակները միայն սրվել են այս պատերազմով։ Ադրբեջանը, ոգևորվելով սեփական անպատժելիությունից, ձգտում է Հայաստանի ռազմավարական տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ վերահսկողության, Արցախի ճակատագիրը ընդհանրապես անորոշ է։ Լավագույն դեպքում, մենք ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը, և վերականգնելու նաև մեր տարածաշրջանում ընդհանուր ուժային հավասարակշռությունը, այլապես մեզ նոր պատերազմ է սպառնում, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թշնամին այդ պատերազմին պատրաստվում է ամբողջ թափով՝ ամեն շաբաթ տարբեր զորավարժություններ է իրականացնում, մեծ ծավալի նոր սպառազինություններ է ձեռք բերում, նոր ռազմավարական ճանապարհներ է կառուցում, և պարբերաբար տարբեր սադրանքներով փորձարկում է մեր դիմադրողականությունը։

Մեզ այլ բան չի մնում, քան հակազդել թշնամու աճող ախորժակներին, ընդ որում հակազդել դրան բոլոր ճակատներով՝ վերակազմավորելով և ամրապնդելով մեր բանակը, արագ թափով զարգացնելով սեփական ռազմական արդյունաբերությունը, համատարած մարզելով մարտունակ տարիքի բնակչությանը, և ամրապնդելով Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավարերը՝ յուրաքանչյուրը վերածելով անառիկ ամրոցի։ Սեփական մարտական կարողությունների աճին զուգահեռ, մենք պետք է վերականգնենք հայկական պետության միջազգային հեղինակությունը, և ձևավորենք դաշնակցային հարաբերությունների այնպիսի համակարգ, որն արդյունավետ կհակազդի թուրք-ադրբեջանական տանդեմին, և այլևս թույլ չի տա, որ նրա ուժն անարգել ջարդվի մեր գլխին։ Դա ավելի քան իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, և մենք այստեղ կարող ենք ստանձնել մեր արժանապատիվ դերակատարությունը, եթե արագ տեմպերով վերականգնենք մեր ուժերը, և դադարենք Թուրքիայից խաղաղություն մուրալ։

Պատերազմից մեկ տարի անց, մենք շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս նահատակների համար։ Առաջնագծում կռվող մեր եղբայրներն իրենց կյանքով են վճարել մեր բոլորի ազատության և ապրելու իրավունքի համար։ Նրանց հիշատակի առաջ մեր պարքն է՝ այսուհետ ապրել և գործել այնպես, որ թշնամին այլևս չկարողանա անարգել խլել հայի կյանքը, հողն ու ազատությունը։ Պատերազմից մեկ տարի անց, խոնարհում եմ գլուխս մեր բոլոր հերոս նահատակների առաջ, և կոչ անում ապրողներին՝ կրկնակի-եռակի եռանդով կառուցել և պաշտպանել մեր բոլորիս հայրենիքը։



Նման նյութեր