Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչքան փորձում եմ մտնել այն տրամաբանության դաշտ, որում այսօր գործում են Հայաստանը բռնազավթած իշխանությունները, դժվարանում եմ… Դժվարանում եմ, քանի որ մենք ունենք երկրի ղեկը ստանձնած պատահականությունների մի խումբ, որը մեր ինքնիշխանությունը հասցնելով կործանման եզրին, տակավին շարունակում է «վայելել» հասարակության զգալի, բայց չմտածող հատվածի վստահությունը…
Այսօր, երբ մենք ազգովի տառապում ենք ուղիղ մեկ տարի առաջ մեր վզին փաթաթված և խայտառակաբար տանուլ տված պատերազմի ողբերգական հետևանքների ծանրությունից, հասարակության նույն այդ հատվածի կույր օժանդակությամբ երկիրը կործանման տանող պատահականությունների խումբը, փոխանակ հետահայաց խորիմաստությամբ հետևություններ անի կատարվածից, շարունակում է անել այն, ինչ սկսել էր 2018-ի անիծյալ հեղաշրջումից հետո…
Ու այդ ամենից հետո մեզնից շատերը ծաղիկներով, բայց, ցավոք, չգւտակցված սգավորությամբ գնում ենք Երևանի Եռաբլուր կամ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, մոմեր ենք վառում եկեղեցիներում ու սրբավայրերում, սակայն այդպես էլ մնում անհաղորդ այն պարզ ճշմարտությանը, որ մարտիրոսված Սերոբներն ու Վարուժանները, Տիգրաններն ու Մհերները ապրողներից ակնկալում են ոչ այնքան հարգանք ու մեծարանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն ընդեմ բոլոր նրանց, ովքեր Հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակին…
Ժամանակին այս մտածողությունն իշխող էր, քանի որ բոլոր նրանք, ովքեր ընտրում էին «Հայրենիքը պաշտպանելու» մասնագիտությունը, իրենց ճանապարհը սկսում էին զոհված զինվորի մոր խոսքը լսելուց… Ավաղ, այսօր ոչ թե լսում, այլ անգամ լինում են դեպքեր, երբ որդեկորույս մոր ձեռքերն են ոլորում…»