Երեխաների ագրեսիվ վարք. պատճառները, հաղթահարումը և շատ ավելին
Advertisement 1000 x 90

Երեխաների ագրեսիվ վարք. պատճառները, հաղթահարումը և շատ ավելին

«Երեխաները փոքրիկ հրաշքներ են». դուք հավանաբար մեկ անգամ չէ, որ լսել եք այս արտահայտությունը: Սակայն շատ հաճախ նրանք կարող են հունից հանել անգամ ամենահամբերատար ծնողներին՝ լինելով չափազանց ագրեսիվ: Եթե սա Ձեզ ծանոթ խնդիր է, ապա Դուք միայնակ չեք:

Երեխայի ագրեսիվ վարքը անխուսափելի երևույթ է, որը դրսևորվում է անգամ շատ փոքր տարիքում:Հավանաբար առաջին բանը, որ փորձում են անել ագրեսիվ վարք ունեցող  երեխայի ծնողները նրանց այդպիսի վարքագծից ազատելն է: Սակայն նախքան դա, հիշեք, որ ագրեսիան նաև դրական ու առողջ կողմեր ունի:

Իհարկե, այն կարող է հանգեցնել թշնամանքի և մեկուսացման, երեխային դարձնել կամազուրկ, բայց կարող է նաև ճիշտ հակառակ կերպով ազդել՝ ծնելով նախաձեռնության ոգի, նպաստելով, որ երեխան համառ և եռանդուն լինի:

Ծնողների դերն այստեղ ագրեսիվության դրական կողմերը խրախուսելն Է և բացասական գծերի զարգացումը խոչընդոտելը: Իսկ դա անելու համար սկզբում պետք է հասկանալ, թե որն է ագրեսիայի աղբյուրը:

Երեխաներն ամենաանպաշտպան էակներն են, որոնք ծնված օրվանից ունեն մեր խնամքի ու հոգատարության կարիքը: Սակայն շատ հաճախ ծնողները հայտնվում են ժամանակակից աշխարհի խելահեղ ռիթմի մեջ՝ մոռանալով ժամանակ հատկացնել փոքրիկներին և երբեմն պարտադրում են բաներ, որոնք առաջացնում են երեխաների զայրույթն ու ագրեսիան:

Իհարկե, ծնողները փորձում են ամեն բան անել, որ երեխան հարմարվի շրջապատող աշխարհին, բայց այնուամենայնիվ նա իրեն ճնշված է զգում, քանի որ աշխարհը նրա համար չափազանց մեծ ու անհասանալի է: Ամեն օր երեխայի այս կամ այն ցանկությունը չի բավարարվում, նա միևնույն ժամանակ հոգնում ու քաղց է զգում, իսկ օգնություն ստանալու միակ տարբերակը լաց լինելն է:

Բնականաբար երեխան ցանկանում է փոխել իրավիճակը և սրան ի պատասխան առաջանում է ագրեսիվ հակազդեցություն, ինչը ավելի գերադասելի է, քան եթե նա չափազանց լսող լիներ, ցույց չտար սեփական կարծիքը կամ պարզապես նվնվար: Երեխայի ագրեսիան պետք է սահմանափակել և վերահսկել այն դեպքում, երբ նա վնասում է ինքն իրեն կամ հանրությանը, իսկ չափազանց ագրեսիվ վարքը մեղմելու լավագույն տարբերակը երեխայի հանդեպ սեր դրսևորելն է: 

Հավանաբար, շատ  ծնողներ սա կարդալով կասեն՝ բայց չէ՞ որ ես այնքան շատ եմ սիրում իմ երեխային: Սակայն  շատ կարևոր է ոչ միայն զզալ այդ սերը, այլ նաև արտահայտել այնպես, որ երեխան նույնպես զգա:

Օրինակ, երբ դուք արագ-արագ լողացնում եք երեխային կամ նվերներ եք գնում, բայց միասին ժամանակ չեք անցկացնում, նա չի զգում Ձեր քնքշանքն ու հոգատարությունը:

Իհարկե, պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ երեխաները մեր մեջ ոչ միայն սիրո, այլ նաև բարկության, անհամբերության, հիասթափության ու հուսահատության զգացումներ են առաջացնում:

Ցավոք, մենք հաճախ այս զգացումները ենթագիտակցորեն ավելի համոզիչ ենք արտահայտում, քան սերը:

Հենց սա է պատճառը, որ երեխաները ծնողների մեջ տեսնում են ոչ թե վստահելի ու հոգատար, այլ իրենց ճնշող ու սահմանափակող մարդկանց և սկսում են ագրեսիվ վարք դրսևորել:

Կյանքի առաջին երկու երեք տարիների ընթացքում այդ ագրեսիվության թիրախը  հենց ծնողներն են: Երեխան  լաց է լինում, չի հնազանդվում, ճչում է կամ որևէ այլ ձևով է դուրս բերում իր ագրեսիան:

Շատ ծնողներ երեխայի կամակորություններից խուսափելու համար նախընտրում են չափից շատ երես տալ նրան: Սակայն ինչ-որ պահից ստիպված են լինում սահմանափակել որոշակի  ցանկությունների իրականացումը: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ սրան ի պատասխան երեխան  ագրեսիվ է դառնում:
Ի դեպ, շատ կարևոր է, որ առաջացած բարկությունն ու ագրեսիան չճնշվեն, հակառակ դեպքում դրանք  արտահայտման այլ ճանապարհ կգտնեն:

Ամենահավանական սցենարներից մեկը այս դեպքում «տեղափոխումն» է: Երբ ծնողը պատժում է երեխային կամ արգելում է որևէ բան անել, նա կարող է խուսափել ակնհայտ կերպով իր  զայրույթը ծնողի վրա թափելուց և «տեղափոխել» այն ավելի անմեղ առարկայի վրա:

Զայրույթը բացահայտ կերպով արտահայտելը ևս կարող է խնդիրներ ստեղծել, քանի որ երեխաներն իրենց կարող են մեղավոր զգալ և անգամ վախենալ, որ կզրկվեն ծնողների ուշադրությունից և սիրուց:

Իսկ այդ վախը կարող է ագրեսիվ վարքի պատճառ դառնալ: Արդյունքում առաջանում է արատավոր շղթա՝ երեխան ագրեսիվ վարք է դրսևորում, այնուհետև առաջանում է վախի զգացում, ինչն էլ նորից ծնում է ագրեսիա:

Այս իրավիճակում թերևս ամենավատ կողմն այն է, որ ամենից շատ տուժում է հենց երեխան՝ շարունակ իրեն լարված զգալով, քանի որ կոնֆլիկտի մեջ է ինքն իր, ծնողների և շրջապատի մարդկանց հետ:

Եթե ամփոփ, ապա երեխայի չափազանց ագրեսիվ վարքը հաղթահարելու համար կիրառվում են նույն մեթոդները, որոնք կարելի է կիրառել վերջինս կանխելու համար:

Պետք է ամեն կերպ երեխային ցույց տալ, որ մենք նրա կողքին ենք, աջակցում և սիրում ենք: Նա պետք է զգա, որ իսկապես կարևոր է մեզ համար, իսկ ագրեսիվության պահերին ասված մեկ քնքուշ բառը կարող է փոխել իրավիճակը:

Նյութի աղբյուրը Ալան Ֆրոմի «Այբուբեն ծնողների համար» գիրքն է:

doctors.am