Ճապոնիայում գտել են նոր վիրուս, որը փոխանցվում է տզի խայթոցից
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում գտել են նոր վիրուս, որը փոխանցվում է տզի խայթոցից

Ճապոնիայում հայտնաբերել են մինչ այժմ անհայտ հիվանդություն, որն առաջանում է Եզո անվամբ նոր վիրուսից։ Մասնագետները պարզել են, որ վիրուսը փոխանցվում է տզերի խայթոցից։ Ճապոնացի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Communications ամսագրում։

Ճապոնիայում անհայտ հարուցիչով վարակման առաջին դեպքերը գրանցվել են դեռեւս 2014թ.։ Մինչեւ 2020թ. գրանցվել է նման ախտանշաններ ունեցող 7 պացիենտ։ Հիվանդության ընթացքը բնութագրվում էր տենդով, իսկ պացիենտների արյան մեջ նվազում էր լեյկոցիտների եւ թրոմբոցիտների քանակությունը։

Ճապոնացի հետազոտողները կարողացել են առանձնացնել վիրուսը երկու պացիենտների արյան նմուշներից, ինչը թույլ տվեց կատարել պաթոգենի գենետիկ վերլուծություն։ Պարզվեց, որ վարակվածների արյան մեջ պարունակվել է Orthonairovirus տեսակի մինչ այդ անհայտ պաթոգեն։ Այս տեսակին է պատկանում նաեւ Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուսը։

2019թ. Հոկայդո կղզում հիվանդանոց է դիմել 2 պացիենտ, որոնց մոտ տենդ էր առաջացել տզերի խայթոցից։ Արյան ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այդ մարդիկ վարակվել էին անհայտ վիրուսով։ Դրանից հետո գիտնականները վերստուգել են հիվանդների արյան նմուշները, որոնք դիմել էին նույն ախտանշաններով 2014-ին։ Հետազոտողները հայտնաբերել են Եզոյով վարակման 7 դեպք։

Վիրուսի աղբյուրը գտնելու համար հետազոտողները սքրինինգավորել են այդ շրջանում վայրի կենդանիներից հավաքված նմուշները։ Վիրուսի հակամարմինները հաջողվել է հայտնաբերել բծավոր եղնիկների եւ ջրարջերի նմուշներում, որոնք հավաքվել են 2010-2020թթ.։ Հետազոտողները նաեւ հայտնաբերել են վիրուսի ՌՆԹ-ն Հոկայդո կղզու տզերի հիմնական տեսակների մեջ։

news.am