Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջից.
«Իհարկե, սիրելի վարչապետ, կարող եք չասել, թե ինչու հանկարծ, ՀՀ քաղաքացիներիս անձնագրերի 10-ամյա վավերականությունը որոշեցիք կրճատել ու հասցնել 2 տարվա։ Բայց ճանաչելով Ձեզ որպես աշխարհահռչակ մուտիլովշիկ, չեմ կարող չհիշել, որ վերջերս կասեցրել էիք նաև անձնագրերի տրամադրումն ընդհանրապես, դա բացատրելով՝ անձնագիր տպելու սարքի անսարքությամբ կարծեմ։ Բացի այդ, չեմ կարող չհիշել նաև, որ խոսակցություն կար այն մասին, թե բազմաթիվ ադրբեջանցիների ՀՀ անձնագրեր են տրվել ինչ որ հանելուկային մեթոդով։ Բամբասանք էր թե իրականություն չգիտեմ։
Չմոռանալով իհարկե, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, որովհետև ներկաներն անմեղսունակ են ըստ էության, ուզում եմ հասկանալ, թե ինչ մութ խնդիր եք ուզում լուծել 2 տարուց, երբ բոլորս մեկ օրում կզրկվենք անձը հաստատող մեր փաստաթղթից։ Չլինի՞ իշխանափոխություն է լինելու առանց ընտրությունների, քանի որ չկա անձնագիր, չկա ընտրություն։ Հաշվի առնալով վարչապետի ընտրությունը տունտունիկի վերածած ու սահմանադրությանը ,,հարիֆցնող,, Ձեր ու ձեր խելքին ընկած խորհրդարանականների հետ կապված նախկին փորձառությունը, ինչ ասես կարելի է սպասել։
Կարելի է նենգաբար ենթադրել նաև, որ ադրբեջանցիների ձեռքն անցած անձնագրերն ամենևին էլ շպյոնաժի ժանրից չեն, այլ ասենք ,,փախստականների վերադարձ,, կոչվող օպերացիան էիք գաղտնի իրականացրել, Ալիևին պատիվ տալով այնքան անձնագիր, որքան Սովետական Հայաստանում ադրբեջանցի կար, ու հիմա նույն Ալիևին վախացնում եք 2 տարի ժամանակ տալով, որ կամ Նա համաձայնվում է գնալ վերջնական խաղաղության եսիմինչ պայմանով, կամ 2 տարի հետո Բարխուդարլույի, Շիդլույի կամ ասենք Խալիսայի վրա գրանցված ՀՀ ադրբեջանական քաղաքացիների անձնագրերը դառնում են անվավեր։
Գիտե՞ք ինչու եմ առանձնահատուկ նշում ադրբեջանական տեղանունները, որովհետև ինքներդ եք վերջերս որոշել, որ ամեն մեկը այսուհետ կարող է անձնագրում գրել իր ծննդավայրի անունը այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն այսուհետ Հայաստան գրելու փոխարեն մարդը կարող է գրել ասենք Քյարքի, Դավալու, Բարխուդարլի…
Հը՞: ,,Փախստականների վերադարձ,, օպերացիան ճի՞շտ եմ նկատել իր ողջ ,,հմայքով,,։
Ինչու՞ եք անձնագրերի վավերականությունը 10-ից միանգամից իջեցնում 2 տարվա։ Օրենքի նախագծի մեջ հիմնավորում չկա։ Ավելի ճիշտ կա, բայց հիմնավորումը սեպտեմբերի 29-ի ինչ որ գաղտնի որոշում է։ Իսկ մենք անցյալ տարվա սեպտեմբերին ազգովի մի շատ դաժան դաս առանք, որ մեր երկրում բոլոր գաղտնի որոշումները վերաբերվում են մեր լավը քունելուն, ու դրա մասին տեղյակ են բոլորը, բոլոր երկրներն ու բոլոր ժողովուրդները բացի մեզնից։
Հը՞:
Ու երկու տարի հետո ինչ էլ լինի մենք մեզ ի՞նչ չզգանք։ Հը՞… Գոնե վեր կացեք ու մի ելույթ ունեցեք, ինչպես անցած սեպտեմբերին ու ասեք, թե 2 տարի հետո, ինչ էլ որ լինի, մենք մեզ ի՞նչ չհամարենք…
………
2 տարին շատ է։ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը 6 րոպե սարքեք։ Ընդամենը 6 րոպե։
Ճիշտ այդքան է անհրաժեշտ, որպեսզի թթվածնից զրկված գլխուղեղի կեղևանյութը մահանա։ Դրանից հետո մարմինը կարող է վերակենդանանալ, բայց քաղաքացիական գիտակցությունը՝ երբեք»։