Շատերն այսօր մոռանում են հակահամաճարակային կանոնների մասին, չնայած դրանք դեռ շարունակում են արդիական մնալ: Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, շատ կարեւոր է շարունակել դիմակ կրել, հատկապես բուժհաստատություններում, որտեղ պատվաստումներ են անցկացնում:
«Պատվաստման գործընթացն այսօր բավական ինտենսիվ է, անգամ հերթեր են գոյանում առաջնային օղակի բուժհաստատություններում, եւ շատ ցանկալի է, որպիսի այնտեղ հատկապես պահպանվեն հակահամաճարակային կանոնները, որ մարդը, գնալով կանխարգելիչ միջոցառման, այնտեղ չվարակվի, եւ պատվաստման գործընթացը լրացուցիչ ռիսկային գործոն չդառնա», – ասաց մասնագետը լրագրողների հետ զրույցում:
Փակ տարածքներում, որտեղ մեծ թվով մարդիկ են կուտակվում եւ ցուրտ եղանակի պատճառով բավարար օդափոխություն չի ապահովվում, վարակի փոխանցման հավանականությունը լրջորեն մեծանում է: Վարակից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել հակահամաճարակային կանոններին եւ բուժհաստատություններում անպայման դիմակ կրել: