Սաուդյան Արաբիայի ու Հայաստանի հնարավոր ջերմացումն ու միջպետական կապերի սերտացումը կարող են միանգամայն շահեկան լինել մեզ համար, ինչի շնորհիվ պաշտոնական Երևանը կընդլայնի իր աշխարհաքաղաքականությունը Մերձավոր Արևելքում` չեզոքացնելով Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը մեկուսացնելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը։
Նրա դիտարկմամբ` քանի որ Սաուդյան Արաբիան արաբական և իսլամական աշխարհի, Մերձավոր Արևելքի հանգուցային պետություններից մեկն է, հետևաբար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն իսկապես կարող է շրջադարձային լինել` նպաստելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ, որը համարվում է այդ երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և պատահական չէ, որ իշխանությունը փոխանցվելու է հենց նրան։ Սաուդյան Արաբիան երկար տարիներ չէր ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` պատճառ բերելով արցախյան հակամարտությունը։ Այդ երկիրն իսմալական համերաշխության համատեքստում աջակցում էր Ադրբեջանին և տարիներ շարունակ Իսլամական համագործակցության համաժողովում պաշտպանել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումները»,– նշեց արաբագետը։
Փաշայանի կարծիքով` այսօր արաբական աշխարհում կան նաև այլ երկրներ, որոնց հետ Հայաստանը կարող է զարգացնել իր հարաբերությունները թե՛ աշխահաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հակահայկական քարոզչություն է իրականացրել իսլամական աշխարհում, հետևաբար Հայաստանի համար շատ կարևոր է այդ բացասական ազդեցության չեզոքացումը` օգտագործելով գործընկեր պետությունների աջակցությունը։
Փաշայանն ընդգծեց այն հանգամանքը, որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իսլամական աշխարհի սոցիալական ցանցերում հակահայկական որոշակի տրամադրություններ արդեն իսկ ձևավորվել էին, հետևաբար եթե Հայաստանն ուզում է ակտիվորեն աշխատել ու պատշաճ կերպով ներկայացնել իր շահերը տարածաշրջանում, ապա պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի` օգտագործելով ցանկացած իրողություն, ցանկացած հնարավորություն իր համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Առավել ևս որ մեր երկրի առջև ծառացել են իսկապես լուրջ խնդիրներ։ Ըստ արաբագետի` մեզ անհրաժեշտ են ոչ թե ոտքի վրա կայացրած որոշումներ, այլ լրջորեն մշակված ու նպատակասլաց մոտեցումներ։