Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հինգ գիրք է առանձնացրել երեխաների համար: Գրականագետի համոզմամբ՝ գրքերի՝ այսօրվա անթիվ-անհամարության մեջ չափազանց դժվար է կոնկրետ գրքեր առանձնացնել, առավել ևս՝ հինգ գիրք, ու առավել ևս՝ հինգ գիրք երեխաների համար: Այնուամենայնիվ, Արքմենիկ Նիկողոսյանը կազմել է մի պայմանական հնգյակ իր՝ այս պահի տրամադրվածությամբ ու հիշողությամբ:
«Վիշապաքարի գաղտնիքը» – Արտավազդ Եղիազարյան
«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դպրոցականները որևէ գիրք ընթերցելիս այնտեղ ընդհանրացված ու պատկերված տեսնեն նաև իրենց առօրյան՝ ծանոթ դեմքեր ու դեպքեր, իրավիճակներ ու տեղանք: Իհարկե, զուգակցված հետաքրքիր պատմությունների ու արկածների հետ: Այդ առումով՝ ժամանակակից գրող Արտավազդ Եղիազարյանի այս ֆենթըզի վեպն ուղղակի իսկական նվեր է բոլոր դպրոցականներին»:
«Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» – Գրիգ
«Ոչ պակաս կարևոր է, երբ դպրոցականներին ծանոթ երևույթներն ու իրավիճակները տեղայնացվում են, օրինակ՝ կատուների աշխարհում: Կարծում եմ՝ դա է նաև այն հաջողության գաղտնիքը, որ մուլտֆիլմերն այդքան պահանջված են նրանց շրջանում: Գրիգի այս վիպակն արկածներով հարուստ, կենդանի երկխոսություններով, ինչ-որ տեղ նաև՝ զվարճալի մի գիրք է, որ հաճույքով կընթերցեն երեխաները»:
«Փափլիկստան» – Նունե Թորոսյան
«Շատ հետաքրքիր արկածներով, խաղերով, ընտիր նկարազարդումներով, ինչ-որ տեղ նաև՝ ինտերակտիվ գիրք, որը կփոխի դպրոցականների պատկերացումը, այսպես կոչված, մանկական գրքերի մասին: Իսկ գրքի ենթատեքստերի բացահայտումը յուրօրինակ փորձություն կարող է լինել երեխաների ծնողների համար»:
«Տասնհինգամյա նավապետը» – Ժյուլ Վեռն
«Հրաշալի, երբեք չհնացող վեպ, որ սովորեցնում է երազել ու չերկնչել կյանքի մարտահրավերներից: Վեպ, որի արկածային սյուժեն պարբերաբար կստիպի շունչը պահած թերթել գրքի էջերը»:
«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» – Նոդար Դումբաձե
«Բարի, բարի, բարի, շատ բարի գիրք, տպավորիչ հերոսներով, ու այնքան զվարճալի, որ անհնար է կարդալու ընթացքում գոնե մի 5 անգամ բարձրաձայն ու վարակիչ չծիծաղել»: