168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Այս անգամ իր սիրո պատմությունը պատմել է մեր ընթերցողուհի Շողիկը, ում կյանքը պետք է փոխեր ճակատագրական հանդիպումը Ռազմիկի հետ:
«Ռազմիկը սովորել է Հառիճավանքի Թրբաճյան ուսումնարանում, ապա ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան․ սկզբից ևեթ նպատակ ուներ, որը տարիներով փայփայում էր, դառնալ կուսակրոն հոգևորական։
Ես էլ սովորում էի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Աշխարհիկ ու հոգևոր կյանքի մեր միակ ընդհանրությունը երաժշտությունն էր․ առաջին անգամ հանդիպեցինք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում․ 2016 թվականի հոկտեմբերի 6-ն էր, հոբելյանական համերգ էր։ Տոմսերն ինքն իր քույրիկին էր տվել, քույրիկն էլ իմ ընկերուհին էր։ Միասին գնացինք։ Իրար նկատեցինք, պարզվում է՝ երկուսս էլ առաջին հայացքից հավանել էինք միմյանց, բայց համերգից հետո հրաժեշտով ամեն ինչ ավարտվեց։ Երկուսս էլ տարբեր ճանապարհներով գնացինք։ Դե, ես՝ աշխարհիկ աղջիկ, ինքը՝ կապայով։ Ամեն ինչ պարզ էր…
Երկրորդ պատահական հանդիպումն արդեն Էջմիածնում է՝ Ճեմարանի տարածքում, ուր կրկին ընկերուհուս հետ էի գնացել, իսկ երրորդը՝ արդեն ընկերուհուս ծննդյան տարեդարձին, որին ներկա էր նաև ինքը։ Խոսակցության թեման կրկին երաժշտությունն էր, այս անգամ՝ Բաբաջանյանը։
Ինքն ուզում էր կուսակրոն հոգևորական դառնալ, ես էլ տարված էի պլատոնական սիրով ու մտածում էի, որ ում էլ սիրեմ, երբեք իր հետ կյանքս չեմ կապի, որ կենցաղը սերը չչեզոքացնի։ Ամերիկացի քաղաքական գործիչ Դիզրաելիի կենսագրությունն էի ուսումնասիրում ու խորապես համոզված էի, որ քաղաքացիական ամուսնությունից ճիշտ ոչինչ չկա։
Ճակատագրական հանդիպումը փոխեց երկուսիս նպատակները:
Հակասական կերպարներ ենք, բայց ընդհանուր շատ բաներ ունենք։
Ես անհույս ռոմանտիկ եմ, ինքը՝ ռեալիստ։
Ես իրեն հաճախ նեղացնում եմ ու իրենից երկու վայրկյան շուտ նեղանում, որ ինքը չհասցնի նեղանալ:
Ես սկսել եմ հավատալ սիրուն, ինքն էլ ծրագրավորում է սովորում։
Ես զանգակն եմ, ինքը՝ բամբակը։ Սիրում եմ աննորմալություններ անել՝ հավատալով, որ ինքը բալանսը կպահի։
Ինքն ատում է ուշանալը, իսկ ես ամենաքիչը 40 րոպե միշտ ուշանում եմ:
Ինքը սիրում է ֆիլմ դիտել, ես՝ ֆիլմի կեսից քնել:
Ինքը սիրում է համեղ պատրաստել, ես՝ իր պատրաստածները փորձել:
Երկուսս էլ անակնկալ սիրում ենք։ Երբեմն գրազ ենք գալիս՝ ով պարտվեց, ինքն է անակնկալ անելու:
Հիմա նշանված ենք, ամուսնանալ էլ պլանավորում ենք մոտ երկու տարուց»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան