Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում այս մասին հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու: Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և, ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը: Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր… և այսօր մենք փակվում ենք: ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում»,- ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Կամերային երաժշտական թատրոնի դերասաններին, քանի որ խոսակցություններ կան, որ թատրոնն աշխատանքի կվերցնի այն դերասաններին, որոնց իրենք կընտրեն:
«Իմ կարծիքն ասեմ: Դերասանը, ստեղծագործող մարդը, եթե ունի շնորհք՝ պահանջված է լինում: Մեր և տարբեր թատրոններում ունենք դերասաններ, որ չորս տեղ աշխատում են զուգահեռաբար. մեկ օր՝ մեզ մոտ, մեկ օր, ասենք, Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հրավիրում են նաև հեռուստատեսություն և այլն: Դերասանը, ով մի քիչ շնորհք ունի, երբեք անգործ չի մնա: Ինչ վերաբերում է դերասաններին ընտրողաբար ընտրելուն, այսինքն՝ բոլորին պայմանական ընդունեցինք, վերջիվերջո, զբաղվածություն պետք է ապահովվի, չէ՞: Իսկ շնորհքով մարդն ունենում է զբաղվածություն»,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Շահբազյանը:
Թատրոնի տնօրենն ընդգծեց՝ այստեղ կա նաև ժանրային խնդիր: «Մերը երաժշտական կոմեդիայի թատրոնն է, դեմ չեմ, իրենցն էլ Կամերային երաժշտական թատրոնն է: Բոլորի մասին մտածելու ենք: Օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեք դերասան ուզում է, Տիկնիկային թատրոնը՝ չորս, քանի որ երեկոյան ներկայացումներ ունի նաև մեծերի համար: Երկու հոգու Խամաճիկների թատրոնն է ուզում, մեկ հոգու՝ Գոյ թատրոնը, և դա առավելություն է: Այսինքն, սա գործընթաց է, որն արվում է: Մենք այս պահին ունենք 40-ից ավելի դերասան, եթե Կամերային երաժշտական թատրոնի բոլոր դերասաններն էլ գան, ֆիզիկապես բոլորին զբաղվածություն, ուզենք էլ՝ չենք կարողանա ապահովել»,- հավելեց Կարո Շահբազյանը:
Հարցին՝ խոսակցություններ կային, որ գեղարվեստական երկու ղեկավար է ունենալու թատրոնը, այդպե՞ս է, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենն արձագանքեց. «Դա աբսուրդ է, ինչպե՞ս կարող է նման բան լինել: Ո՞նց կարող է երկու գլխավոր հաշվապահ լինել, երկու տնօրեն»:
Հիշեցնենք, որ թատրոնները միացնելու որոշում էր կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել` նշելով, որ թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը: Հավելենք, որ գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով»:
Անի Կարապետյան