Պատվաստումն իսկապես նվազեցնում է վարակման դեպքում COVID-19-ի բարդությունների ռիսկը, բայց չի պաշտպանում ուրիշներին վարակվելուց։ Այս մասին ասվում է The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ Ըստ Medportal.ru-ի՝ պատվաստվածների եւ չպատվաստվածների շրջանում կորոնավիրուսի տարածման հավանականությունը գնահատելու համար Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են 621 մարդու տվյալներ, որոնց հարազատների մոտ հաստատվել է COVID-19-ը 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:
Ընտանիքի պատվաստված անդամների շրջանում SARS-CoV-2-ի դելտա տարբերակով վարակվելու մակարդակը կազմել է 25%, մինչդեռ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ստացել պատվաստանյութը, բայց շփվել են վարակված հարազատների հետ, այս ցուցանիշը կազմել է 38%: Հետազոտութան մեկ այլ կարեւոր բացահայտում է եղել այն, որ վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակը եղել է նույնքան, որքան վարակված չպատվաստվածների մոտ։