Սննդաբաններն ասել են վեց եղանակ՝ նախաճաշի միջոցով առողջությունն ամրապնդելու համար
Advertisement 1000 x 90

Սննդաբաններն ասել են վեց եղանակ՝ նախաճաշի միջոցով առողջությունն ամրապնդելու համար

Ամերիկացի սննդաբանները նշել են առողջությունը և իմունիտետը ամրապնդող սննդամթերքների միջոցով նախաճաշը լավացնելու վեց եղանակ, փոխանցում է Лента պարբերականը։ Մասնագետները կարծում են, որ նախաճաշին անպայման պետք է ավելացնել մրգեր և բանջարեղեն, մաքուր ջուր, վիտամին C, ձու և սպիտակուցներ ու բջջանյութ պարունակող մթերքներ։

Նրանց, ովքեր առավոտյան շիլա են ուտում, սննդաբան Ալիսիա Գալվինը խորհուրդ է տալիս դրա մեջ հատապտուղներ կամ մրգեր ավելացնել, իսկ նրանց, ովքեր սովոր են նախաճաշին ձվածեղ ուտել՝ բանջարեղեն, օրինակ՝ բուլղարական պղպեղ:

«Սա օրգանիզմին կապահովի բջջանյութով, որը դրականորեն է ազդում ամբողջ մարսողական տրակտի միկրոֆլորայի վրա»,- ասել է բժիշկը։

Լորեն Հարիս-Պինկուսը ևս խոսել է նախաճաշին բջջանյութ ընդունելու կարևորության մասին։ Նրա խոսքով, առավոտյան պետք է ուտել մոտ ութ գրամ մաքուր բջջանյութ. այդ քանակությունը սովորաբար պարունակում է մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը: Բժիշկը հիշեցնում է, որ առողջ աղիքներն ուժեղ իմունիտետի ամենակարևոր տարրերից են։

Սննդաբան Լորեն ՄաքԼեոդը կարծում է, որ առավոտյան ավանդական ըմպելիքներից (թեյ և սուրճ) բացի, արժե նաև մեկ բաժակ ջուր խմել։

«Օրգանիզմի երկու երրորդը բաղկացած է ջրից, և օրգանիզմում հեղուկի ճիշտ հավասարակշռությունը շատ կարևոր է իմունիտետի համար: Բացի այդ, հեղուկն օգնում է մտքի սրությանը, հոդերի առողջությանը և բջջային պատի ամրությանը», – ասում է նա:

Քեյթ-Թոմաս Այուբը խորհուրդ է տալիս նախաճաշին մեկ բաժակ նարնջի հյութ խմել։ Սննդաբանը հիշեցնում է, որ ըմպելիքում պարունակվող վիտամին C-ն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը և պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք պայքարում են վերին շնչուղիների վարակների դեմ։

Սննդաբան Ամելիա Բրաունը հիշեցնում է, որ առավոտյան շատ օգտակար է սպիտակուցներով հարուստ մթերքներ օգտագործելը՝ լոբի, ձու կամ միս։

«Սպիտակուցային մթերքները պարունակում են մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ողջ օրգանիզմի առողջ գործունեության համար: Բացի այդ, սպիտակուցն օգնում է պայքարել վարակների դեմ և ավելի արագ վերականգնվել հիվանդություններից», – ասել է Բրաունը:

Էմի Գորինը խոսել է նախաճաշին ձվի օգտակարության մասին։ Մասնագետը կարծում է, որ դրանցում կարևոր է ոչ միայն սպիտակուցը, այլև վիտամին D-ն։

«Ձուն D վիտամինի այն սակավաթիվ սննդային աղբյուրներից է, որը չափազանց կարևոր է իմունիտետի համար։ Հավի մեկ մեծ ձուն կարող է պարունակել այդ վիտամինի օրական չափաբաժնի մինչև վեց տոկոսը», – ասել է սննդաբանը։

shantnews.am