«Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի: Պատժամիջոց է, ով չի ենթարկվել առաջինին՝ կարող է երկրորդին ենթարկվի: Էական փոփոխություն, չեմ կարծում, որ կլինի: Այո, պատվաստվողների թիվը մի քիչ կարող է ավելանալ, քանի որ գուցե այն գումարը, որ պատրաստ էին վճարել 14 օրում, 7 օրում չկարողանան վճարել, սակայն որակապես համաճարակի վրա ազդեցությունը չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ առողջապահության նախարարի` դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու որոշման մասին՝ ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Հարցին, այդ դեպքում ի՞նչ պետք է անել, եթե վարակվածների թիվն ու մահվան դեպքերը շատանում են, նա պատասխանեց.
«Նպատակային պատվաստումը: Պետք է պատվաստվեն ռիսկի խմբերում գտնվող ու տարիքով մարդիկ, ոչ թե աշխատող մարդիկ: Դուք կարող եք 60 տոկոսին պատվաստել, ու ոչ մի բան չփոխվի, որովհետև այն 20 տոկոսը, որն իրականում ռիսկի տակ էր, չի պատվաստվի, ու մահացությունը կմնա նույն մակարդակի վրա»:
Հավելենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր. «Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պատվաստվել՝ 14 օրվա փոխարեն՝ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին: Դեկտեմբերի 1-ից որոշումն ուժի մեջ կմտնի»:
Նրա խոսքով՝ մուտքի համար կպահանջվի պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 1-ից սահմանափակումների փաթեթ են ներկայացնելու, որոնցից մեկով էլ մուտքը հանրային վայրեր՝ լինի «Հայփոստ», մարզասրահ, կինոթատրոն, լինելու է QR կոդով կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով:
Հավելենք, որ նոյեմբերի 4-ին կառավարության ճեպազրույցների սրահում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր.
«Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական»: Նա նշել էր, որ նախարարությունն արդեն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառելու:
Ավանեսյանի խոսքով՝ կան նաև այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Անի Կարապետյան