Ադրբեջանի կարգավիճակի կրկնակի խաղը. aravot.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի կարգավիճակի կրկնակի խաղը. aravot.am

Հոդվածը հրապարակվում է կրճատումներով

2020թ.-ի պատերազմից հետո հաճախ է խոսվում սահմանազատման մասին: Հիմնականում քննարկումներն այս կամ այն կերպ ծավալվում են նախկին Խորհրդային Միության կազմում միութենական հանրապետությունների վարչատարածքային սահմանագծերի (և ոչ` սահմանների) շրջանակում:

…Նախկին Միության կազմում գոյություն են ունեցել սահմանագծեր և ոչ` սահմաններ: Քաղաքական աշխարհագրության և իրավունքի տեսանկյունից սա կարևորագույն առանձնահատկություն է: Սահմանն ունի վերջնական իրավական կարգավիճակ միայն սահմանագծման և սահմանազատման արդյունքում: 1990-ականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունների արագ ընթացքի պայմաններում եղել են դեպքեր, երբ ստեղծված փաստաթղթերը չեն համապատասխանել գործող օրենսդրությանը, ինչպես, օրինակ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև 1991թ.-ի դեկտեմբերի 8-ին կնքված ԽՍՀՄ լուծարման մասին համաձայնագրի անհամապատասխանությունն էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին: (Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել գործող օրենսդրության տառին համապատասխան): Նման իրավիճակով է նաև, ըստ երևույթին, պայմանավորված ԱՊՀ ստեղծման փաստաթղթի թերի տեքստը, որտեղ սահմանների տակ ենթադրվել են սահմանագծերը:

Ադրբեջանը սահմանների ճանաչման շուրջ երկակի խաղ է վարում: Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այդ փաստով վերջինս հիմք կունենա պնդել, որ իր գործող սահմաններն այլևս քննարկման առարկա չեն կարող լինել:

Մյուս կողմից, Ադրբեջանը հնարավոր հետագա օգտագործման համար (օրինակ, եթե մի օր Ռուսաստանի ազդեցությունն իր հանդեպ զգալիորեն թուլանա) իրեն վերապահում է թաքնված կարևոր մի միջոց: Բանն այն է, որ 1991թ.-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն ընդունել է «Պետական անկախության մասին» սահմանադրական օրենքը, որով Ադրբեջանը հայտարարել է իր ինքնիշխանությունը և որով սահմանվել է, որ (ներկայիս) Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ.) իրավահաջորդն է: Նշված օրենքով խորհրդային իշխանությունը բնութագրվում է որպես «զավթում»: Այստեսակ իրավական սահմանումը հանգեցնում է զավթումն իրականացրած տերության կողմից նախաձեռնած բոլոր իրավական գործողությունների չեղարկմանը:

Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը, հանդիսանալով նախկին Խորհրդային Միության իրավահաջորդ, Ադրբեջանի գործող օրենսդրությամբ համարվում է զավթիչի իրավահաջորդ: Իրավական առումով ստացվում է, որ Ադրբեջանի կողմից նախկին Խորհրդային Միության ժամանակ գործող և այսօր քննարկման առարկա դարձած սահմանագծերի հարցը առաջին հերթին հակասում է հենց Ադրբեջանի գործող օրենսդրությանը: Սակայն, այժմ այդ հարցը նա չի շոշափում: Իսկ երբ Ադրբեջանը Ռուսաստանին քաղաքական (և տնտեսական) հարված տալու մտադրություն ունենա, ապա նա ի հայտ կբերի «զավթման» իր կողմից ճանաչումը:

Այսպիսով, երկու դեպքում էլ Ադրբեջանը շահեկան է դուրս գալիս: Իսկ եթե Ադրբեջանը զգոնությունը բթացնելու նպատակով շարունակի պնդել, թե չունի այլ հետին միտք և ընդունում է նախկին ԽՍՀՄ օրենսդրության գերակայությունը, ապա նա ուժը կորցրած կճանաչեր առ այսօր գործող վերը նշված օրենքը: Հայաստանի համար արդյունավետ դիվանագիտական քայլ կարող է լինել հետևողականորեն բարձրացնել հարցն առ այն, որ Ադրբեջանը չի հանդիսանում նախկին Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ և, որպես հետևանք, չի կարող հավակնել վերջինիս հետ առնչվող որևէ իրավական ակտի կամ կարգավիճակի:

Եվ վերջում` Ադրբեջանի և Արցախի մասին: Արցախի Հանրապետության (1991թ.-ից մինչ 2016թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախացումը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից` համաձայն վերը նշված` 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի («ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման ընթացակարգի մասին» թիվ 1409-I օրենք, կամ ռուսերեն օրիգինալ տարբերակով՝ Закон СССР N 1409-I «О ПОРЯДКЕ РЕШЕНИЯ ВОПРОСОВ, СВЯЗАННЫХ С ВЫХОДОМ СОЮЗНОЙ РЕСПУБЛИКИ ИЗ СССР»):

Սույն օրենքով կարգավորվում էին Միության կազմից միութենական հանրապետությունների և ինքնավար միավորների (այդ թվում` ինքնավար մարզերի) դուրս գալու պայմանները: Կարգավորումն ընդգրկում էր անգամ էթնիկ խմբերի կողմից խիտ բնակեցված ինքնավարություն չունեցող տարածքները (կոնկրետ դեպքում` նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող Շահումյանի շրջանը, որը ԼՂԻՄ հետ միասին դուրս եկավ ԽՍՀՄ կազմից):

Արցախի հարցը իր դեռևս 1991թ.-ին իրագործված ինքնորոշման միջազգային ճանաչման և իր իսկ` Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման հարց է: Արցախի Հանրապետությունն առնչություն չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգայնագետ (ք. Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ 30.11.2021