Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ենթադրել է, որ կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին։
«Ես գիտեմ, որ տհաճ է, որ տոները դիմավորում ենք այն ժամանակ, երբ COVID-19-ը կախված է մեր գլխին։ Բայց դա հավերժ չի տեւի: Մի օր համավարակը կավարտվի, եւ որքան լավ հոգանք միմյանց մասին, այնքան շուտ կգա այդ ժամանակը։
Եթե կա մի լավ նորություն, դա այն է, որ օմիկրոն շտամն այնքան արագ է տարածվում, որ երբ այն գերիշխող է դառնում որեւէ երկրում, ալիքն այնտեղ պետք է տեւի երեք ամսից պակաս: Այս մի քանի ամիսները կարող են վատը լինել, սակայն ես հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր ձեռնարկենք, համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին։
Երբ արդեն թվում է, թե կյանքը կվերադառնա բնականոն հունին, կարող ենք մտնել համավարակի ամենավատ շրջանը։ Օմիկրոնը կհարվածի բոլորիս: Այժմ այն ախտորոշվել է մտերիմ ընկերներիս մոտ, եւ ես չեղարկել եմ արձակուրդային ծրագրերիս մեծ մասը»,- Թվիթերում գրել է Գեյթսը։