Ո՞ր ընկերություններն են շահել եւ ավելացրել եկամուտները կորոնավիրուսի շնորհիվ
Advertisement 1000 x 90

Ո՞ր ընկերություններն են շահել եւ ավելացրել եկամուտները կորոնավիրուսի շնորհիվ

Կորոնավիրուսային համավարակի պատճառով լոքդաունները մեծ ազդեցություն են թողել բիզնեսների վրա ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր ոլորտներն են տուժել: Այնպիսի ոլոտները, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ ավիացիան, իհարկե, խորապես տուժել են համավարակի պատճառով, սակայն կային նաեւ այնպիսինները, որոնք բավականին ծաղկել են, ինչպիսիք են առցանց առեւտուրը եւ սննդի առաքումը:

Կորոնավիրուսից «շահեցին» այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Google-ը, Facebook-ը եւ Microsoft-ը: Լոքդաունները հանգեցրին առցանց առեւտրի, հեռավար աշխատանքի, առցանց հաղորդակցության պահանջարկի աճին, եւ այս ամենը, ինչպես եւ սպասվում էր, մեծացրեց համակարգիչների եւ գաջեթների, անհրաժեշտ ծրագրային ապահովման, առցանց գովազդի եւ այլնի պահանջարկը:

Ըստ փորձագետների՝ այս հինգ ընկերությունների ընդհանուր եկամուտը 2021 թվականի առաջին եռամսյակում աճել է 40 տոկոսով եւ կազմել տրիլիոն դոլարի մեկ երրորդը, իսկ շահույթը կրկնապատկվել է՝ հասնելով 75 միլիարդի։

Թվում էր, թե դեղագործական ընկերությունները նույնպես պետք է հսկայական շահույթ ստանային համավարակի պայմաններում, սակայն ամեն բան այդքան պարզ չէ։

Չնայած մարդիկ դիմակներ, ձեռնոցներ եւ հակասեպտիկ միջոցներ էին գնում, շատ դեղամիջոցների եւ այլ սարքավորումների պահանջարկը ընկավ: Ավելին, համավարակը լուրջ վնաս հասցրեց այլ հիվանդությունների ախտորոշմանը եւ բուժմանը, քանի որ մարդիկ, վախենալով վարակվելուց, փորձում էին չդիմել բժշկի, նույնիսկ եթե ինչ-որ բան անհանգստացնում էր։

Օրինակ, ԱՄՆ դեղագործական հսկաները Merck եւ Bristol Myers Squibb-ը հայտնել են, որ օնկոլոգիական հիվանդությունների թանկարժեք դեղամիջոցների վաճառքը զգալիորեն կրճատվել է համավարակի ֆոնին: Amgen ընկերությունը արթրիտի դեմ ավելի քիչ դեղամիջոցներ է սկսել վաճառել, մինչդեռ բրիտանական Reckitt Benckiser-ը բախվել է կոկորդի ցավի դեմ Strepsils սառնաշաքարների պահանջարկի բացակայությանը, քանի որ սոցիալական հեռավորությունը նվազեցրել է գրիպի եւ մրսածության դեպքերը գրեթե 90 տոկոսով:

Ինչպե՞ս է համավարակն ազդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների վրա: Թվում էր, թե այդ ընկերությունները պետք է հարստանային։ Սակայն իրականում զարգացած երկրներում հաստատված եւ մեծ քանակությամբ ձեռք բերված չորս պատվաստանյութերից միայն երկուսն են իրենց մշակողներին մեծ շահույթ բերել: Ամերիկյան Johnson & Johnson-ը եւ շվեդ-բրիտանական AstraZeneca-ն պարտավորվել են վաճառել իրենց պատվաստանյութերը ինքնարժեքով եւ «չհարստանալ» դրանց հաշվին, ուստի զգալի շահույթ չեն ստացել։

Սակայն Pfizer-ի եւ Moderna-ի մշակողները նման պարտավորություններ չեն ստանձնել։ Նրանց պատվաստանյութի երկու չափաբաժինն արժե մոտ 30 դոլար, մինչդեռ AstraZeneca-ի կրկնակի պատվաստանյութը եւ Johnson & Johnson-ի մեկ պատվաստանյութը հասանելի են երեք անգամ ավելի թանկ գնով:

Կորոնավիրուսի ֆոնին հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna-ն իր 11-ամյա պատմության մեջ առաջին անգամ շահույթ է ստացել։ Առաջին եռամսյակում այն վաճառել է 1.7 միլիարդ դոլարի պատվաստանյութ: Pfizer-ը կրկնակի քանակով պատվաստանյութ է վաճառել։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումը ընկերությանն ապահովել է իր եկամտի մեկ քառորդով։

med.news.am