Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է թատերական տարին, խոսել նոր նախագծերի, դերասանների հետաքրքրվածության, աշխատավարձերի և այլ հարցերի մասին:
– Անցած մեկ տարին ինչպիսի՞ն էր թատրոնի համար և 2022թ․ ակնկալիքները որո՞նք են․ ի՞նչ նոր նախագծեր, պլաններ կան։
– 2021 թվականին տարվա կեսից դարձա տնօրեն, և շատ հետաքրքիր ու բովանդակալից էր. վերականգնվեցին մի քանի ներկայացումներ, մասնակցեցինք 2 փառատոնի, սկսեցինք աշխատել ու գրեթե ավարտին հասցրեցինք Կոստանյանի հեղինակած «Լեգենդի հետքերով» ներկայացումը։ Նոր տարուց ակնկալիքներ չունեմ, ակնկալիքներն ու պահանջները դնում եմ իմ ու իմ թիմի առջև:
Ինչ վերաբերում է նախագծերին, ապա նախապատրաստական աշխատանքներ են տարվում մի քանի ուղղությամբ։ Կլինի մանկական ներկայացում. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի կողմից տարվում են աշխատանքներ նոր ներկայացման համար, կան դրսից հրավիրված ռեժիսորի հետ տարվող աշխատանքներ, կլինեն հյուրախաղեր։ Մի խոսքով, անելիքները շատ-շատ են, և դա ուրախալի է:
– Ձեր զրույցներից մեկում նշել եք, որ ուզում եք նոր մարդկանց տեսնել թատրոնում, ներդնել նոր ռեսուրսներ ու մտքեր։ Որքանո՞վ են երիտասարդ դերասանները հետաքրքրված։ Ունե՞ք կադրերի խնդիր, թե՞ ոչ։
– Կադրերի խնդիր շատ կա՝ տեխնիկական և կազմակերպչական մասով, բայց նոր շենք տեղափոխվելուց, կարծում եմ, ամեն բան կլուծվի։ Նոր մտքերով հետաքրքրված են ոչ միայն երիտասարդները, այլև ամբողջ ստեղծագործական կազմը, բաց է դրսից հրավիրված ռեժիսորների հետ աշխատելու համար։ Մեր ռեժիսորներն էլ են աշխատում դրսում, օրինակ, Յուրի Կոստանյանը համագործակցում է ռուսաստանյան փառատոների հետ, տալիս է հետաքրքիր վարպետաց դասեր և նոր շնչով ու եռանդով վերադառնում է հայրենիք:
– Որոշ թատրոններում դերասանները ստանում են մինիմալ աշխատավարձ․ ձեզ մոտ ևս այդ վիճա՞կն է, և թատրոնն ի՞նչ մարքետինգային հնարքների է դիմում, որպեսզի այս բացը լրացնի։
– Աշխատավարձի հարցն ինձ համար ամենակարևոր կետերից է: Լինելով դերասան՝ սա շատ լավ եմ հասկանում: Ունենալով շատ համեստ միջոցներ՝ փորձում եմ հնարավորինս խրախուսել դերասաններին ու անձնակազմի մյուս առավել արդյունավետ աշխատող աշխատակիցներին։ Այս, մեղմ ասած, դժվար ժամանակաշրջանում պետությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում արվեստի տարբեր ճյուղերին, ու կարծում եմ, եթե արդյունավետ աշխատենք՝ պետությունն անպայման կվերանայի աշխատավարձերը՝ ինչպես արվեց ուսուցիչների, գիտաշխատողների և այլ բնագավառներում։ Մարքետինգային հնարքները, եկեք չբացահայտեմ:
– ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման համար 50 մլն դրամ է հատկացվելու։ Արդյո՞ք սա բավարար է։
– Եթե հատկացվել է այդքան, ուրեմն, կարծում եմ՝ բավարար կլինի։ Նոր շենքը լինելու է: Խոսքը Գևորգ Քոչար 21 հասցեի մասին է:
– Դպրոցներում աբոնեմենտային համակարգը որքանո՞վ նպաստեց դպրոց-թատրոն կապի ամրապնդմանը․ կա՞ հետաքրքրվածություն։
– Հետաքրքրությունը մեծացել է ոչ միայն դպրոցների, այլև ամբողջ հանրության կողմից, դա շատ ուրախալի է: Ի դեպ, տեղեկացնեմ, որ շուտով կունենանք նոր կայք:
Անի Կարապետյան