«Ժամանակակից սեր» շարքը, որն իր հերոսներին սկսեց բացահայտել 2021 թվականին, շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ նաև 2022 թվականին: Նոր տարվա մեր առաջին հերոսները Լանան և Միկան են: Մեկ ֆոտոն, որն արագ արված ինքնանկար էր, ճակատագրական է դառնում և զուգադիպությունը վերածում է սիրո, ինչից պետք է ծնվեին առողջ և ամուր հարաբերություններ, որոնք երեխայի պես փայփայում են թռիչքների սիրահար Լանան և հողի վրա ամուր կանգնած Միկան:
Մի նկարի պատմություն
«Թերևս առաջինը, ինչի մասին կուզեմ պատմել, կյանքիս ամենազվարճալի, բայց, փաստորեն, ամենաուժեղ զուգադիպությունն է:
Երկրորդ կուրսում էի սովորում ու շտապում էի հերթական լրագրողական նյութը գրելու, երբ կուրսընկերներիցս մեկը մեր ընդհանուր չաթում ինչ-որ բան հարցրեց և իմ արձագանքին էր սպասում: Ես էլ այդ պահին ոտքի վրա արագ նկարվեցի և ուղարկեցի, գրելով՝ զբաղված եմ: Արձագանք ստացա՝ լավ, գոնե ասա՝ այդ Միկան ո՞վ է, նոր գնա: Ես էլ չէի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, գրեցի՝ «է՜, ինչ Միկա, ասում եմ՝ զբաղված եմ, հետո կխոսենք»:
Երբ գործերս ավարտել էի, մտա մեր ընդհանուր չաթ, տեսա նկարիս ետին պատն են նշել, որտեղ մեծ գրված է՝ Միկա ու կատակում էին հետս, բա թե՝ վերջը չես ասում՝ ո՞վ է Միկան:
Ով իմանար, որ դրանից վեց տարի անց ես կունենամ այդ հարցի պատասխանը. Միկան իմ կյանքի ամեն օրվա մուսան է, ամեն պահիս լավագույն ընկերն ու այն մարդը, ում հետ ես կկառուցեմ իմ ընտանիքը: Ինձ անչափ շատ լավ ճանաչող ցանկացած մարդ այս տողերը կարդալիս, համոզված եմ, շատ կզարմանա, որովհետև իմ կյանքում ես ունեմ թվով շատ-շատ քիչ մարդիկ, ովքեր ինձ համար մուսա են. ես ոգեշնչող ու ոգեշնչվող տեսակ եմ ու բավական է սիրտս զգա, որ այդ մարդն ինձ մուսա է, աշխարհում անհնարին թվացողն անգամ պատրաստ կլինեմ անել նրա համար: Ես չեմ զգում, թե ինչպես և ինչու են հենց այդ մարդիկ դառնում ինձ մուսա, բայց… սիրտս իրենց զգում է… (Ծիծաղում է,- Ա.Գ.):
Չեմ թաքցնի կյանքումս ունեմ թվով վեց մարդ, ովքեր այդ շարքում են, որոնցից մեկը Միկան է, իմ քրոջ աղջիկը՝ Մալենաս, իսկ մյուս չորս մտերիմ մարդկանց մասին, թերևս, խորհրդավոր ուզում եմ լռել, իրենք վստահաբար գիտեն այդ մասին:
Երբ հանրային դարձավ նրա ով լինելը, անունը, ընկերներիցս մեկը այդ նկարը, որը, ի դեպ, ես չէի էլ հիշում, ուղարկեց ինձ ու ասաց՝ դու այնքան օրիգինալ ես քո տեսակով, Լանս, որ կյանքիդ այս պատահականությունն էլ համընկավ, վայելի ու երջանիկ էղիր: Սրանից հետո ուշադիր լինենք պատերի գրածներին (ժպում է,- Ա.Գ)»:
Հանդիպելը անխուսափելի էր
«Միկայի հետ ծանոթանալը, որպես այդպիսին, չեմ մտաբերի, քանի որ ինքն իմ կյանքում արդեն շուրջ 7-8 տարի է կա:
Մենք այնպիսի շրջանակում ենք իրար ծանոթ, որ պարբերաբար հանդիպումները, առիթները շատ հաճախակի են եղել:
Միկան հիշում է, որ առաջին անգամ ինձ տեսել է մեր լավ ընկերներից մեկի տարեդարձին, որտեղ ես իմ ընտանիքի հետ ևս ներկա էի: Հետո արդեն մեր ընկերական շրջանակով հանդիպումները հաճախակի էին լինում և հանդիպելը անխուսափելի էր, չնայած մեր պարագայում չի եղել սեր առաջին հայացքից:
«Լանային ճանաչելուց հետո միայն հասկացա, որ ինքն այն մարդն է, ով պիտի լինի կողքիս միշտ: Լանայի մեջ բավականին շատ են դրական հատկանիշները, որոնք արժանի են ուշադրության և գնահատման: Դժվար է մեր օրերում գտնել մեկի, ում անկեղծությունը, ազնվությունը, հավատարմությունը, մարդկանց, հատկապես ընկերներին, ամեն հարցով օգնելու պատրաստակամությունը, հոգատարությունը, մարդուն անսահման նվիրելու կարողությունը մեկտեղված լինեն ու աննկարագրելի շատ չափաբաժնով, ինչն էլ ես անձամբ կարևորում եմ շատ, որ պիտի ունենա իմ կողակիցը»,- անկեղծանում է Միկան և եզրափակում. «Տարիների հետ ունեցած շփումն է ինձ բերել նրան, որ ես հասկացել եմ Լանայի տեսակը, նրա մարդկային հատկանիշներն են, որ ինձ անտարբեր չեն թողել ու վստահ եմ, որ նա է լինելու կողքիս ու վերջ»»:
Համոզված էի՝ սիրտս կհուշեր
«Միշտ կարևորություն եմ տվել ու առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել ընտրություն կատարելու հարցում: Ես սրտով առաջնորդվող մարդ եմ, ուստի համոզված էի՝ սիրտս կհուշեր, թե ում հնարավորություն տամ ինձ ավելի լավ ճանաչելու:
Անձնական հարաբերություն կառուցելը, իմ դիտարկմամբ, երեխա ունենալ է նշանակում, հիմա փորձեմ բացատրել համեմատությունս.(Լա՜յն ժպտում է,- Ա.Գ.):
Ինչպես ցանկացած երեխա պատասխանատվություն է ենթադրում իր ծնողների կողմից, այսինքն դու այլևս միայն քո մասին չէ, որ պիտի մտածես, որոշումներ չես կարող կայացնել ինքնուրույն, եթե այն նաև քո երեխայի շահերից չի բխում, այդպես է նաև սերը:
Քո ցանկացած արարք, քո ամեն դիրքորոշում արդեն անցկացնում ես սիրո կամրջով, թե նա ինչպես կմտածի, ոնց կվարվի, ամեն, ամեն ինչ:
Սերը երեխայի պես պահանջում է մշտական խնամք ու անսահման հոգատարություն: Դու չես կարող երեխա ունենալ ու թողնել բախտի քմահաճույքին, չէ՞: Սերն էլ է, թերևս, այդպե. դու պարտավոր ես մշտապես ուշադիր լինել: Երեխա/սեր կարող են ունենալ բոլորը, բայց շատ քիչ մարդիկ են այն գիտակցության, որ այդ երեխային ունենալու մեջ չէ դժվարությունը, այլ նրան ձևավորելու, շրջապատում իրեն ինտեգրելու, նրան միշտ լավ ու դրական լիցքերով սնելու:
Սերը նոր լույս աշխարհ եկած թույլ օրգանիզմ է, որի ձեռքը պիտի ամուր բռնես, ճիշտ ուղորդես ու ինքդ ապրես իրենով»:
Հողից վերև քո միակ ամուր հենքը քո սիրելին է
«Ամբողջ կյանքում ես սիրել եմ թռիչք, բարձրության վրա լինել: Ինձ համար հրաշալի զգացողություն է հողը ոտքերիս տակ չզգալը: Երևի ես նաև շատ երազկոտ մարդ եմ ու տեսակովս պայմանավորված է բարձրության հանդեպ տարերքս: Երբ հանդիպեցի նրան, մարդու, ով կայացած, հասուն, հողը ոտքերի տակ միշտ ունեցող մեկն է, ես նրան օրերից մի օր հարցրի՝ կա՞ բան, որ վախենում ես ու կարծում ես, որ երբեք չես անի, ինչին պատասխանեց՝ բարձրությունը ու դրա հետ կապված ամեն բան:
Ես նրան այդ պահին պարզապես խոստացա՝ կգա ժամանակ, երբ ես քո հետ կլինեմ, իմ ձեռքը ամուր կբռնես ու մենք հողից վեր կբարձրանանք ու դու կհասկանաս, որ դա ոչ վախենալու է, ոչ էլ վտանգավոր, երբ սիրածդ մարդու հետ ես, որովհետև հողից վերև քո միակ ամուր հենքը քո սիրելին է»:
Մարդիկ դիմացինի մեջ գնահատում են այն ամենն, ինչի կրողն են հենց իրենք
«Ցանկացածը, ով հարցնում է, թե ինչպիսին է Միկան, ես չեմ բնութագրում: Ոչ նրա համար, որ համապատասխան բառեր չեմ գտնում և կամ ինձ համար դժվար է խոսել, ամենևին: Փոխարենը ես, հոգիս և աչքերս այնքան ուժեղ են փայլում, որ, կարծում եմ, բառերն ավելորդ են դառնում:
Բայց, այնուամենայնիվ, կառաձնացնեմ նրա անկեղծությունն ու հավատարմությունը, որոնք ինձ համար կենսատու նշանակություն ունեցող հատկանիշներ են: Դրանք ձեռք ձեռքի ամուր բռնած միշտ ինձ ուղղորդում են իմ կյանքում ու բոլոր տեսակ հարաբերության մեջ ես դրանք առաջնային եմ համարում:
Նրա բարությունն ու խաղաղությունն են, որ ինձ ստիպում են ավելի մանկանալ նրա կողքին ու զգալ իրական երջանկությունը:
Նրա մոտեցումներն ու իմ անձի նկատմամբ հավատն են, որ ոգեշնչում են դառնալ ավելի լավը:
Կասեմ հետևյալը՝ մարդիկ դիմացինի մեջ գնահատում են այն ամենն, ինչի կրողն են հենց իրենք»:
Կանք մենք ու մեր պատկերացումներն ապագայի հանդեպ
««Ապագայի հանդեպ հայացքներն էլ են շփման ընթացքում նույնանում կամ գոնե ընդհանուր հայտարարի բերվում: Երբ սիրում ես, արդեն սկսում ես «ՄԵՆՔ»-ի դիրքերից նայել ամեն ինչին:
Չկա՝ ես ուզում եմ, ես կհասնեմ, ես կանեմ, կանք մենք ու մեր պատկերացումներն ապագայի հանդեպ:
Հեռանկարներն ու մեր ապագան կապված են արտերկրում բնակություն հաստատելու հետ, որի լուրջ քայլերն արդեն անում ենք»,- իր խոսքում նշեց Լանան: «Մենք միասին ամեն ինչ անում ենք արտերկրում ապագա կառուցելու համար: Մեր ապագան պատկերացնում ենք շատ լուսավոր, մեր սեփական տանը, մեր երեխաներով շրջապատված, ովքեր մեզ ուժ ու եռանդ կհաղորդեն, որ մենք ձգտենք ավելիին»,- եզրափակեց Միկան:
Մեր միությունը գեղեցիկ պատահականությունների շղթայի շարունակությունն է
«Հիշում եմ նաև, որ իմ 26 ամյակը, որը ես, լրիվ պատահական, նշել եմ նաև Միկայենց տանը: Ինչ ասեմ` զվարճալի պատմություններն ու զուգադիպությունները իմ կյանքում անպակաս են:
Բանն այն է, որ ընկերներով որոշեցինք ծննդյանս օրն անցկացնել Ծաղկաձորում և ընկերներիցս մի քանիսի ուշանալու պատճառով գնացինք Միկայենց տուն:
Այդ օրն առավոտյան ես ինձ այնքան վատ էի զգում, որ մտածում էի օրվա պլանները չեղարկելու մասին, բայց հետո ստացվեց այն, ինչ ստացվեց:
Միկայի ծնողների, ընկերներիս հետ ծնունդս մի լավ տոնելուց հետո ուղևորվեցինք Ծաղկաձոր՝ օրը ուրախ շարունակելու ակնկալիքով:
Ես չեմ կարող միանշանակ պնդել, որ պատահականություններ կյանքում չկան և ոչ էլ կարող եմ ասել, որ հավատում եմ դրանց, թե ոչ, բայց այն, որ մեր միությունը այդ գեղեցիկ պատահականությունների շղթայի շարունակությունն է, դա վստահաբար կարող եմ ասել»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան