«Պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր ջրային ռեսուրսներին, շատ վտանգավոր տարի է այդ առումով». Կարինե Դանիելյան
Advertisement 1000 x 90

 «Պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր ջրային ռեսուրսներին, շատ վտանգավոր տարի է այդ առումով». Կարինե Դանիելյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում, մասնավորապես այս տարի, ջրային ռեսուրների խնդիրն ամենասուրն է։

«Հայաստանի համար միշտ եղել է ջրային ռեսուրսների խնդիր, մասնավորապես՝ վերջին տարիներին ջրային ռեսուրսների խիստ նվազում կա։ Մի կողմից՝ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի բարձրացումը, չորությունը, մյուս կողմից ՝ տեղումների նվազումը։ Մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր ջրային ռեսուրսներին, մեր կորուստները չպետք է այդքան շատ լինեն, ինչպես հիմա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ջրային ռեսուրները պետք է խնայողաբար ու նպատակաուղղված օգտագործվեն։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի եղած ջրային ռեսուրներով բավարարվել։

«Ջրային ռեսուրսների սղության պատճառով մենք մշտապես օգտվել ենք Սևանա լճից, ինչը շատ վտանգավոր է, որովհետև որքան մենք իջեցրել ենք լճի մակարդակը, մյուս կողմից էլ աղտոտել ենք՝ Սևանը լճից ուղղել ենք դեպի ճահիճ։ Սա շատ մեծ կորուստ է Հայաստանի համար, Սևանի պահպանությունն այսօր մեզ համար կարևորագույն խնդիր է։ Կարծում եմ՝ ամենավերջին տարբերակն է, որ Սևանից պետք է ջրառ իրականացնեն»,- հավելեց Կ. Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում ստեղծվել են բավականաչափ քանակով ջրամբարներ և հնարավորության դեպքում ջրամաբարները լցվում են։

«Եթե նույնիսկ շատ քիչ հնարավորություն կա, պետք է այդ ջրամբարները լցնեն։ Եղանակն այս տարի չորային էր, հունիսից մինչև օրս  մեկ-երկու անգամ է տեղումներ եղել Արարատյան դաշտավայրում։ Կարծում եմ՝ շատ վտանգավոր տարի է ջրային ռեսուրսների առումով»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան