Հիմա տանն ես ու արդեն իսկ` առաջնագծում. ի՞նչ է փոխվել Ռազմական նվագախմբի երգացանկում
Advertisement 1000 x 90

Հիմա տանն ես ու արդեն իսկ` առաջնագծում. ի՞նչ է փոխվել Ռազմական նվագախմբի երգացանկում

ՀՀ զինված ուժերի գլխավոր գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայությունը մշտապես լծված է երգի ու պարի միջոցով զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործին։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան զրույցել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետի տեղակալ, զինվորական դիրիժոր, փոխգնդապետ Տիգրան Ասատրյանի հետ։ Նա համեմատականներ անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի և ներկա պահի հետ, թե ինչպես է երգերի բովանդակությունը փոխվել տարիների ընթացքում։ Նշեց, որ 1941 թվականին հայ զինվորը գնում էր խորհրդային հայրենիքը պաշտպանելու, իսկ հիմա` անկախ Հայաստանը, հետևաբար այն ժամանակվա երգերը բոլորովին այլ էին ու այլ միտք էին պարունակում իրենց մեջ, իսկ հիմա` հուզական աշխարհն այլ է։

«Այն ժամանակ զինվորը, որը հազարավոր կիլոմետրեր հեռու էր իր հարազատ բնակավայրից, տնից, «Մարտիկի երգն», օրինակ, կարոտով էր երգում։ Այդ կոնտեքստն այսօր արդիական չէ, քանի որ շատ բնակավայրեր արդեն դարձել են մարտադաշտ։ Նախկինում, զինվորը գնում էր որևէ տեղ իր հայրենիքը պաշտպանելու, առաջնագիծն էլ հեռու էր տնից, իսկ հիմա նա իր տանն է ու արդեն իսկ առաջնագծում է»,– նշեց Ասատրյանը։

Ասում է` մի դեպքում դու դա անում ես Գերմանիայում կամ այլ երկրում, մյուսում` քո բնակավայրում, հետևաբար, խոսել կարոտի, քո երկրի ջրերի ու հողի մասին` ակտուալ չէ։

Զինվորական դիրիժորի խոսքով` ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սերմանվի դեռ մանկուց` «մոր կաթի հետ»։

«Երգն ու պարը զինվորի ոգին բարձր պահելու համար շատ կարևոր են ու մեծ ազդեցություն կարող են ունենալ տարբեր իրավիճակներում։ Այսօր մենք երգի ու երաժշտության միջոցով պետք է կարողանանք ռազմահայրենասիրական դաստիարակություն սերմանել մեր երեխաների մեջ։ Պետք է նաև այնպես անենք, որ արդեն ծառայող զինվորի մոտ էլ միշտ բարձրացնենք մարտական ոգին»,– նշեց Ասատրյանը։

Նրա կարծիքով` ռազմական կյանքն ու նվագախումբն առանց իրար գոյություն չունեն, քանի որ դեռ հին ժամանակներից ռազմի դաշտ գնացել են երգով ու մարտական պարերով։ Պատերազմն էլ կարող է կապ չունենալ` երգը միշտ մարդու կյանքում առկա է, անկախ ստեղծված իրավիճակից։

Փոխգնդապետը պատմեց, որ իրենց երգացանկը որոշվում է միջոցառման բովանդակությունից ելնելով, և իրենց ծրագրերը բազմաժանր են։ Երգում են և՛ արտասահմանյան, և՛ հայկական ստեղծագործություններ, չնայած գերակշռում են հայ կոմպոզիտորներինը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am