Որոշ մթերքներ երկարացնում են մաշկի երիտասարդությունը եւ օգնում ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Ըստ Eat This, Not That!-ի՝ սննդաբաններ Լիսսի Լակատոսը եւ Թամմի Լակատոս Շամսը խորհուրդ են տալիս ավելացնել սննդակարգում բուսական ծագման սպիտակուցի քանակը: Նրանք ասում են, որ սպիտակուցն անհրաժեշտ է բջիջների եւ հյուսվածքների կառուցման եւ վերականգնման համար, բայց այն նաեւ կոլագենի կարեւոր բաղադրիչն է՝ մաշկի շինարարական բլոկի, որն օգնում է մաշկը ամուր, առաձգական եւ երիտասարդ պահել:
Ինչպես իր հերթին նշել է սննդաբան Էմի Գորինը, լոլիկը նույնպես կօգնի երիտասարդ մնալ: Նրա խոսքով՝ այն հարուստ է լիկոպենով՝ հակաօքսիդանտով, որն օգնում է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Այն նաեւ նվազեցնում է արյան ճնշումը եւ կանխում սրտանոթային տարբեր հիվանդությունների զարգացումը։
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս սննդակարգում լրացուցիչ ձիթապտղի յուղ ավելացնել, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպիսիք են տոկոֆերոլները, բետա-կարոտինը եւ ֆենոլային միացությունները, որոնք օգնում են նվազեցնել ազատ ռադիկալների հետեւանքով առաջացած օքսիդատիվ վնասն ու բորբոքումը, ինչպես նաեւ մաշկն առաձգական եւ երիտասարդ պահել:
Սննդաբաններն առաջարկում են նաեւ օրական 5 սալորաչիր ուտել։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը հինգից վեց սալորաչիր ուտելը դրական ազդեցություն է ունենում ոսկրերի հանքային խտության վրա՝ ոսկորների առողջության վրա ազդող սննդանյութերի պարունակության հետ կապված, այդ թվում՝ բոր, կալիումը, վիտամին K եւ հակաօքսիդանտներով հարուստ ֆենոլային միացություններ», ասել են Լակատոս քույրերը:
Իր հերթին սննդաբան Միշել Ռայթը նշել է, որ ձուկն ու ավոկադոն դրական են ազդում մաշկի արտաքին տեսքի եւ առողջության վրա։ Նա խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին օմեգա-3-ով հարուստ ձուկ ուտել՝ մաշկի բորբոքումը նվազեցնելու եւ սպիտակուց ստանալու համար, որը խթանում է կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, որոնք անհրաժեշտ են մաշկի երիտասարդ տեսքի պահպանման համար:
«Ավոկադոյի մեջ պարունակվող մոնոհագեցած ճարպերը նպաստում են առողջ մաշկի թաղանթի ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ, հակաօքսիդանտների բարձր մակարդակը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք նպաստում են մաշկի վնասմանը եւ ծերացմանը, ինչի արդյունքում մաշկն ավելի երիտասարդ տեսք է ունենում»,- եզրափակել է Ռայթը: