Լրամշակվել և շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում։ Մասնավորապես, 2023-2024 և հետագա ուսումնական տարիներին դիմորդներին հնարավորություն կընձեռվի ընդունելության միասնական քննությունները հանձնել տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին. դեկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:
«Նպատակահարմար ենք գտել դիմորդներին տալ հնարավորություն՝ հանձնել 2 քննություն։ 2 անգամ կարող են միասնական քննություն հանձնել և ստուգել նաև իրենց գիտելիքները։ Առաջին անգամ դա կներդնենք 2023-2024 թվականին։ Հունվարին կամ հունիսին շրջանավարտները հնարավորություն կունենան հանձնել քննություն, որը, իմ կարծիքով՝ այդ սթրեսային մեկ քննության գործոնը կչեզոքացնի և շատ ավելի մատչելի ու հեշտ կդարձնի ընդունելությունը»,- ասել էր փոխնախարարը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ սա մարդուն կրկին ուժերը փորձելու շանս է տալիս:
«Սա լավ է նրանով, որ մարդուն հնարավորություն է տալիս փորձել երկու անգամ: Օրինակ, եթե այս տարի ես հանձնել եմ քննություն ու չեմ ընդունվել, այսօրվա մոդելով մի հատ էլ հաջորդ տարի պետք է քննություն հանձնեմ: Բայց, ասենք, ինչո՞ւ չեմ կարող քննությունը 6 ամիս հետո չհանձնել, որ չմոռանամ պարապածս: Ինքը էլի շանս է տալիս: Հիմա ամբողջ աշխարհում այդպես է: Քննական կենտրոններ կան, որոնք պարբերաբար ընդունում են: Դու կարող ես, օրինակ, գնալ քննություն հանձնել, տեսնել քո իմացության մակարդակը: Դա աշխարհում շատ ընդունված է: Այսինքն, եթե նախորդ դեպքում մեկ շանս էր, այսպես ավելի ճկուն է դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:
Անդրադառնալով ԳԱԱ ինստիտուտները բուհերին միացնելու որոշումը փոխելու մասին հարցին՝ կրթության փորձագետը նկատեց. «Ինձ թվում է՝ եթե միացնեին, ահագին բան կկորցնեինք: Այդ միացումը պետք է լիներ շատ ցանկալի, որ որևէ համալսարան ու ինստիտուտ ուզենար միանալ, դրանով արդյունավետության խնդիր լուծեին: Բայց, ընդհանուր առմամբ, արհեստական միացնելը վնասակար էր»:
Հավելենք, որ Բարձրագույն կրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կատարված աշխատանքներից առանձնացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերստին շրջանառումը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Սահմանադրական դատարանի կողմից կասեցված դրույթները նախագծի նոր տարբերակում խմբագրվել և լրամշակվել են: Նա հույս է հայտնել, որ նախագիծը գարնանը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում և կընդունվի` հաշվի առնելով, որ խորհրդարանը մեկ անգամ արդեն քննարկել և հավանություն է տվել օրինագծին:
Անի Կարապետյան