Պլաստիկ տոպրակներից և շշերից մի ամբողջ շենք կառուցելն այլևս ոչ թե հավակնոտ գաղափար է, այլ մոտ ապագա, որն իրականություն կարող է դառնալ Լոս Անջելեսի (ԱՄՆ) նոր ստարտափի շնորհիվ: ByFusion Global ստարտափը մշակել է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս նախկինում «չվերամշակվող» պլաստիկը վերածել հսկայական ամուր աղյուսների: «ByBlocks» անվանումը ստացած աղյուսները պատրաստելու համար կարիք չկա պլաստիկը տեսակավորել, մաքրել կամ նախնական մշակման ենթարկել, քանի որ դրանք ձուլվում են գոլորշու խտացման գործընթացի միջոցով, որը չի պահանջում քիմիական նյութեր, սոսինձներ կամ որևէ այլ հավելումներ: Ստացված աղյուսները հարմար են տարբեր շինություններում օգտագործելու համար և գործնականում դիմացկուն են քայքայման հանդեպ:
ByFusion Global-ի գործադիր տնօրեն Հայդի Կույավան (Heidi Kujawa) ասաց, որ ընկերությունը համագործակցում է Hefty’s EnergyBag վերամշակման ծրագրի հետ: Նրանց նպատակն է առաջիկա տարիներին Այդահո նահանգի Բոյսե քաղաքում տեղական աղբավայրից վերամշակել մոտ 72 տոննա չվերամշակվող պլաստիկ:
Բոյսեի այգիներից մեկում ByBlocks-ից արդեն իսկ կառուցվել և հաջողությամբ տեղադրվել են առաջին նստարանները, շուտով պատրաստ կլինեն նաև ByBlocks-ից պատրաստված կրպակները։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը