Գարնանը մաշկի խնդիրները սովորաբար սրվում են: Կարմիր բծեր, մաշկազատում, կնճիռներ: Նայում ես հայելուն՝ միայն խանգարումներ են: NEWS.am STYLE-ն առաջարկում է մի քանի բաղադրատոմս՝ կատարյալ տեսք ունենալու համար:
Վիտամինազուրկ, մաշկազատվող եւ բծերով պատված չոր մաշկ ունեցող կանայք անհիշելի ժամանակներից խատուտիկ են օգտագործում: Խորհուրդ ենք տալիս քսուք պատրաստելու համար պոկել գարնանային առաջին ծաղիկների մի փունջ: Ցողունը, տերեւներն ու դեղին ծաղիկները մանրացրեք, լցրեք մայոնեզի ախտահանված տարայի մեջ՝ մինչեւ կեսը, մինչեւ վերջ զեյթունի ձեթ ավելացրեք: Տարան փաթաթեք թղթով կամ նրբաթիթեղով՝ լույսից պաշտպանելու համար, եւ 2 շաբաթ պահեք սառնարանում: Հետո խառնեք պլաստիկե կամ փայտե գդալով ու մեկ գդալ քսեք նախապես լվացված դեմքի մաշկին, պարանոցին, ձեռքերին: 1-1.5 ժամ անց լվացվեք գոլ ջրով, սառը թրջոց դրեք, իսկ աչքերի տակ կրեմ քսեք:
Բշտիկների ցանով պատված յուղոտ մաշկի համար նույն խատուտիկներից լոսիոն պատրաստեք, բայց՝ նույն չափաբաժնով եղինջի հետ: Մանրացրեք, մայոնեզի ախտահանված տարայի կեսը լցրեք այդ բույսերով եւ ջուր ավելացրեք: Թղթով փաթաթելով՝ 7 օր պահեք սառնարանում: Ստացված հեղուկը քամեք եւ դեմքը դրանով մաքրեք առավոտյան ու երեկոյան: Դրանից հետո կարելի է չլվացվել: