ESA-ն մտադիր է մոտ ապագայում լուսնի վրա թթվածին ստանալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ESA-ն մտադիր է մոտ ապագայում լուսնի վրա թթվածին ստանալ

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) մրցույթի արդյունքում ընտրել է այն թիմին, որը նախագծելու և կառուցելու է Լուսնի մակերևույթից թթվածին կորզելու առաջին փորձնական սարքը: Եվրոպայում արբանյակների խոշորագույն արտադրող Thales Alenia Space ընկերության գլխավորած կոնսորցիումին հանձնարարվել է արտադրել մի փոքր սարքավորում, որը կգնահատի ավելի մեծ լուսնային կայաններ կառուցելու հեռանկարը՝ տիեզերանավերի համար վառելիք, տիեզերագնացների համար օդ, ինչպես նաև մետաղական հումք արդյունահանելու համար։ Կոնսորցիումի մեջ ընդգրկված են AVS, Metalysis, Redwire Space Europe ընկերությունների և բրիտանական Բաց համալսարանի (The Open University) թիմերը։

Նախատեսվող սարքը պետք է լինի հնարավորինս կոմպակտ և պետք է լուսնային ռեգոլիթի նմուշից արդյունահանի ողջ հասանելի թթվածնի 70%-ը (ըստ նախատեսվածի՝ 50-100 գրամ թթվածին)։ Ընդ որում, այս ամենը պետք է իրականացվի 10 օրվա ընթացքում՝ աշխատելով արևային էներգիայով, որը հասանելի է մեկ-երկու շաբաթ տևող լուսնային օրվա ընթացքում, մինչև լուսնային գիշերվա սկիզբը, որի ընթացքում Լուսնի մակերևույթի ջերմաստիճանն իջնում Է ըստ Ցելսիուսի մինչև մինուս 170 աստիճան։

Լուսնի մակերևույթից վերցված նմուշների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսնային ռեգոլիթը 40–45%-ով բաղկացած է թթվածնից։ Խնդիրն այն է, որ այս թթվածինը հնարավոր չէ անմիջապես օգտագործել (արդյունահանել), քանի որ հանդիպում է օքսիդների տեսքով՝ որպես հանքանյութեր կամ ապակի։

Ինչպես նշում են նախագծի հեղինակները, լուսնային ռեգոլիթից թթվածին, ինչպես նաև կիրառելի մետաղներ կորզելու հնարավորությունը թույլ կտա հետազոտողներին «ապրելու Լուսնի վրա՝ Երկրից հնարավորինս քիչ կախվածություն ունենալով (խոսքը Երկրից դեպի Լուսին բավականին թանկ արժեցող և երկարատև մատակարարումների մասին է):

Հրապարակման պատրաստեց ita.am