Ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նշել է երեք հիմնական սպառնալիք, որոնք կարող են հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը։ Նա այդ մասին խոսել է Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դեպֆների հետ հարցազրույցում:
«Ես շատ ժամանակ եմ անցկացրել ծնելիության մասին խոսելով: Թերևս սա ամենամեծ սպառնալիքն է մարդկային քաղաքակրթության ապագայի համար: Աշխարհի մարդկանց մեծ մասն ապրում է այն կեղծ զգացումով, որ աշխարհում շատ մարդիկ կան, բայց իրականում ծնելիության մակարդակը արագորեն նվազում է»,- ասել է Մասկը:
Նա ՄԱԿ-ին հորդորել է փոխել բնակչության հաշվարկները, քանի որ դրանք «իմաստ չունեն»:
Բացի այդ, ըստ Մասկի, «արհեստական ինտելեկտը» և «կրոնական ծայրահեղականությունը» կարող են հանգեցնել Երկրի բնակիչների անհետացմանը։
Tesla-ի հիմնադիրը խոստովանել է, որ արհեստական ինտելեկտին և ռոբոտաշինությանը վերաբերվում է «որոշ վախով», քանի որ «չի ցանկանում անել որևէ բան, որը կարող է վնասել մարդկությանը»:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Մասկը հայտարարել էր, որ պատրաստ է ծախսել իր գումարի մի մասը՝ մարդկությանը սովից փրկելու համար։
Այսպիսով, նա արձագանքել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի խնդրանքին, ով ասել է, որ 6 միլիարդ դոլարը կօգնի հաղթահարել սովի սպառնալիքը և պայքարել դրա հետևանքների դեմ: