Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։
Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան ու հաշմանդամության պատճառ է դառնում։ Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի (Harvard Medical School) մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը կարող է լինել առանց վառ արտահատված ախտանշանների, ինչի հետևանքով մարդիկ հաճախ անգամ չեն էլ նկատում այն և անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվում, և հենց սա է պատճառը, որ այն համարվում է չափազանց վտանգավոր ախտաբանություն, որը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել կամ անուշադրության մատնել։
Ինչպես բացատրում են մասնագետները, սրտի նոպայի ժամանակ սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն, ինչն էլ հանգեցնում է օրգանի հյուսվածքների մեռուկի։ Այդ գործընթացը տևում է 10-15 րոպե և կարող է կյանքի համար վտանգավոր լինել, սակայն խնդրի մասին հուշող վաղ ախտանշաններն իմանալը կարող է օգնել ժամանակին նկատել խանգարումն ու փրկել հիվանդի կյանքը։
Բրիտանական սրտաբանական հիմնադրամի մասնագետների խոսքով՝ սրտամկանի հիվանդությունների մասին հուշող արտասովոր ախտանշաններից մեկը կարող է լինել առատ քրտնարտադրությունն ու մաշկի կպչունության զգացողությունը, մինչդեռ հաճախ մարդիկ անտեսում են այս նախազգուշացումը։ Ինչպես նշում են բժիշկները, մարզումներից հետո կամ շատ շոգ օրերին առատ քրտնարտադրությունը բնական երևույթ է, որը չպետք է անհանգստացնի, մինչդեռ անսպասելի և առանց որևէ պատճառի քրտնելու դեպքում հարկավոր է դիմել սրտաբանին ու բուժզննում անցնել։
Հատկապես վտանգավոր է կրծքավանդակի անսպասելի ցավով ուղեկցվող քրտնարտադրությունը, որը վկայում է սրտի հիվանդությունների մասին։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ խցանված անոթները դժվարացնում են արյան հոսքը, ինչի պատճառով օրգանիզմն ակտիվացնում է քրտնարտադրությունը՝ փորձելով նվազեցնել մարմնի ջերմաստիճանը հավելյալ ծանրաբեռնվածության ժամանակ։
Գիշերային առատ քրտնարտադրությունը ևս տարածված ախտանշան է այն կանանց համար, որոնց մոտ առկա են սրտամկանի հետ կապված խնդիրներ։ Այս ախտանշանները հաճախ են անտեսվում, մինչդեռ կարող են լինել օրգանիզմի՝ սրտամկանի ինֆարկտի մասին նախազգուշացնելու հիմնական միջոցներից մեկը։
Մասնագետները վստահ են, որ ակտիվ կենսակերպի ու մարզումների բացակայության դեպքում առատ քրտնարտադրությունը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն հուշում է անոթների խցանման հետևանքով օրգանիզմի գերծանրաբեռնվածության ու սրտամկանի ինֆարկտի բարձր հավանականության մասին։ Բացի այդ, նման ախտանշանով կարող են դրսևորվել նաև վահանագեղձի հետ կապված խնդիրները, շաքարային դիաբետն ու վարակները, որոնք ևս կարող են շատ վտանգավոր լինել։