Բյուրականի աստղադիտարանը հանդես կգա «Դպրոցից դեպի Տիեզերք»՝ աստղագիտական դասախոսությունների ծրագրով:
2022թ․ ապրիլի 1-ից մայիսի 2-ը Հայաստանի դպրոցներում կիրականացվի Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը: Աստղագետները կայցելեն մարզերի դպրոցներ, ինչպես նաև Արցախ, կպատմեն ժամանակակից գիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին։
«Բավական մեծ հետաքրքրություն կա, նույնիսկ այս պահին դիմողների քանակը 30-ից անցել է, այն դեպքում, որ ամեն տարի մեր ծրագրում 30 դպրոց էինք ներառում: Հիմնականում ավագ դպրոցների աշակերտներին ենք հանդիպում: Անպայման գնալու ենք Սյունիք, Արցախ: Սահմանամերձ գյուղերը պարտադիր ներառելու ենք ծրագրում: Արդեն պլանավորել ենք՝ ապրիլի կեսին կայցելենք Արցախ: Ինչպես հիշում եք՝ 2021թ. հոկտեմբերին Արցախի գիտական կենտրոնում բացվել է աստղադիտական լաբորատորիա, որտեղ կապահովվի աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի բարձր որակը: Արցախում շատ երեխաներ կան, ովքեր զուրկ են մնում նման հնարավորություններից ու աստղագիտությամբ, ֆիզիկայով հետաքրքրված լինելով՝ գիտությամբ զբաղվելու տեղ չունեին, ու հիմա մենք ուզում ենք զարգացնել դա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նրա փոխանցմամբ՝ աշակերտներին և դպրոցների գրադարաններին կտրամադրվեն աստղագիտական հանրամատչելի նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD սկավառակներ։
«Ցավոք, «Աստղագիտություն» առարկան առանձին չի դասավանդվում դպրոցներում, իսկ այս հանդիպումների նպատակներից մեկը դպրոցներում օժտված և գիտությամբ հետաքրքրվող աշակերտներ հայտնաբերելն է, նրանց հետ հետագա կապ պահպանելը և մասնագիտական աճին օժանդակելն է:։
Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կհրավիրվեն մասնակցելու 8-րդ Բյուրականյան գիտաճամբարին։ Մենք ունենք հետադարձ կապի մի ձև. այն երեխաները, ովքեր հետաքրքրված են աստղագիտությամբ, ձևաթղթում լրացնում են անուն, ազգանուն, կոնտակտները, ու իրենց հետ կապ ենք պահպանում: Հետագայում գալիս, մասնակցում են գիտական ճամբարներին: Եղել է, որ դասընթացների ժամանակ որոշ դպրոցների փոքրիկ աստղադիտակներ ենք նվիրել»:
Անի Կարապետյան