H2L Technologies ընկերությունը Sony-ի աջակցությամբ մշակել է թևնոց, որի շնորհիվ վիրտուալ աշխարհն էլ ավելի իրական կդառնա: Զարգացման հեղինակը՝ Էմմի Թամակին, դեռահասության տարիներին կլինիկական մահ է ապրել․ Թամակին ունի սրտի բնածին հիվանդություն ու ծայրահեղ թույլ մկաններ և նրան հակացուցված են իրական ճանապարհորդությունները։ Աղջիկը երկար ժամանակ ուսումնասիրում էր վիրտուալ իրականության տեխնոլոգիայի հնարավորությունները և աշխատում դրանց ընդարձակման վրա, որպեսզի սահմանափակ կարողություններով մարդկանց հնարավորություն տա իրապես զգալու կյանքը, թեկուզև տարբեր մետաաշխարհներում։
H2L Technologies-ի թևնոցը էլեկտրական պարպումների միջոցով ցավի ազդակներ է հաղորդում, սակայն «ցավ» հասկացությունն այս դեպքում պետք է ավելի լայն մեկնաբանել: Փաստացի, սարքն այնպես է խթանում նյարդային վերջավորությունները, որպեսզի ընդօրինակի տարբեր զգացողություններ, օրինակ՝ խաղի մեջ վիրտուալ զենքերի ծանրությունը, հարվածների ցավը, քամու շունչը, տրանսպորտային միջոցների շարժումը և այլն։
Թամակին հուսով է, որ այս տեխնոլոգիան մարդկանց կազատի տարածության, մարմնի և ժամանակի ցանկացած սահմանափակումներից: Եվ դա հնարավոր կլինի արդեն իսկ ընթացիկ տասնամյակում՝ սկսած բաց աշխարհի խաղերից (Open World) և վիրտուալ իրականությունում սպորտով զբաղվելու համար նախատեսված հավելվածներից: Թամակին նշել է, որ կյանքն անգին է, և ֆիզիկական սահմանափակումները չպետք է խանգարեն դրանից հաճույք ստանալ:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը