Ամերիկացի գիտնականները մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին։ Ծրագրում են 20 տարի անց Արկտիկան բնակեցնել նախապատմական կենդանիներով։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարում։
Նախագծով զբաղվում են ամերիկյան Colossal ընկերության գենետիկները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բեն Լամը։ Ստարտափն արդեն հավաքել է 15 մլն դոլար։
Գիտնականները Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների հետ միասին ծրագրում են վերակենդանացնել մամոնտներին։ Այսօր դրանցից մնացել են միայն թանգարաններում ցուցադրված կմախքները։
Փորձի ընթացքում գիտնականները նախատեսում են համատեղել մամոնտի և ասիական փղի սառեցված ԴՆԹ-ն։ Ըստ գենետիկների՝ այս կենդանիների գենոտիպերը 99 տոկոսով համընկնում են։ Սպասվում է, որ անհետացած հսկաները հարություն կառնեն մոտ 20 տարի հետո:
«Մամոնտը, որի վրա մենք աշխատում ենք, կունենա աֆրիկյան փղի չափ»,- բացատրել է Բեն Լամը:
Փորձագետների կարծիքով՝ փորձը մեծ հնարավորություններ կբացի գիտության համար՝ վերստեղծելու նախկինում անհետացած կենդանիների բազմաթիվ տեսակներ: