«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով այս պահին ուսումնասիրվող հնագիտական նյութն իսկապես բացառիկ է և թվագրվում է մ.թ.ա. VII դարով։ «Դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը շատ հետաքրքիր են, վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Սա վկայում է, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առումով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել: Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել»,-ասել է Աշոտ Փիլիպոսյանը։
ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով` կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի այնպիսի կտորներ, ինչպիսիք դեռ չեն հանդիպել։ «Մենք փորձելու ենք շատ արագ վերականգնել` երկու երեք ամսվա ընթաքում։ Կան նաև ամբողջական առարկաներ, որոնք ուղղակի պատված են հողի և կրային նստվածքների շերտերով և հրատապ մաքրման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է երկաթե զենքի բեկորներին, ապա, ցավոք, դրանք շատ վատ վիճակում են, ժանգի պատճառով այս պահին իրենց բնական չափերից մեծ են երևում, հարկավոր է դրանք մանրակրկիտ մաքրել և հնարավորինս բ երել նախնական տեսքին»,- ասել է նա:
Գավառի երկրագիտական թանգարանիցտեղեկացրել են, որ շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար հնագիտական նյութ են հայտնաբերել, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում ձեռք բերել կարևոր գտածոները։
Տարածքն ուսումնասիրելուց հետո` Գավառի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, նոր գերեզման փորելիս, բացվել էր ուրարտական շրջանի դամբարան։ Բանակցությունների արդյունքում հնագիտական նյութը հայտնաբերած բնակիչն այն ամբողջությամբ տրամադրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»: