Սննդային սովորություններ, որոնք նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը
Advertisement 1000 x 90

Սննդային սովորություններ, որոնք նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն մարդկանց կենսակերպն ու վատ սովորություններն էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ ծերացման պատճառ։ Այդ գործընթացի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում նաև մարդու սննդակարգը, քանի որ հենց այս գործոնից է կախված մարդու կյանքի տևողությունն ու առողջական վիճակը։

Մանսագետների խոսքով՝ ճիշտ կազմված սննդակարգն օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ ու պահպանում է երիտասարդությունը, մինչդեռ սննդային վատ սովորությունները հակառակ ազդեցությունն են ունենում՝ արագացնելով ծերացման գործընթացը։ Բժիշկ Օլգա Շուպոյի խոսքով՝ նման վատ սովորություններից մեկը կարող է լինել արագ ածխաջրերով հարուստ մթերքի գործածությունը։

«Սննդակարգն անդրադառնում է մարդու առողջության, ինչպես նաև նրա արտաքինի վրա։ Սննդամթերքի որոշ տեսակներ և սննդային որոշ սովորություններ կարող են արագացնել ծերացման գործընթացը», – նշել է մասնագետը medikforum.ru-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ հատկապես վտանգավոր են մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրեր պարունակող սննդամթերքի տեսակները։

Բժշկի խոսքով՝ արագ ածխաջրերի այս տեսակով հատկապես հարուստ են տարատեսակ քաղցր թխուկներն ու ցորենի ալյուրից պատրաստված մթերքը, իսկ դրանք ամենօրյա կտրվածքով ուտելու սովորությունը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ հանգեցնում քրոնիկ բորբոքումների զարգացման։ Բորբոքային գործընթացը, իր հերթին, խիստ բացասաբար է անդրադառնում անոթների ու մաշկի վիճակի վրա։

Օրգանիզմի ծերացումն արագացնող մյուս սննդային սովորությունը մրգերի անկառավարելի գործածությունն է։ Բանն այն է, որ մրգերը պարունակում են ֆրուկտոզա, իսկ մեծ քանակությամբ ֆրուկտոզայի գործածությունը հանգեցնում է ինսուլինային ծանրաբեռնվածության մեծացման։ Արդյունքում մարդը հոգնածություն ու հյուծում է զգում, ինչն էլ առավել ակնհայտ է դարձնում ծերացման նշանները։

Բացի այդ, օրգանիզմի արագ ծերացմանն է  նպաստում նաև հեղուկի պակասը։ Ինչպես բացատրել է մասնագետը, բավարար քանակությամբ ջուր չօգտագործելու դեպքում օրգանիզմն ավելի վատ է ազատվում վերամշակված նյութերից ու տոքսիններից, ինչն էլ նպաստում է արտաքին ծերացմանն ու մաշկի վիճակի վատթարացմանը։

tert.am