Ամերիկացի գրող Մարկ Տվենի նախկինում անհայտ հեքիաթը՝ «Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը», կհրատարակվի առանձին գրքով: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
«Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը» իր դուստրերի համար գրողի հորինած միակ հեքիաթն է, որը նա գրի է առել: Մարկ Տվենը սովորություն ուներ զանազան պատմություններ պատմել երեխաներին, որոնք այդպես էլ մնացին բանավոր պատմություններ:
Հեքիաթը գրվել է 1879 թվականին Փարիզում: Այն պատմում է մի տղայի մասին, որը կենդանիների հետ խոսելու ընդունակություն ունի: Մի քանի գազանների հետ միասին նա ուղևորվում է՝ գտնելու առևանգված արքայազնին: Հրատարակիչների խոսքով՝ պատմությունն արծարծում է ազնվության և համարձակության թեմաները՝ բռնակալության դեմ հանդիման:
16-Էջանոց ձեռագրի ձևավորումը կատարվել է նկարազարդող ամուսինների՝ Ֆիլիպ և Էրին Սթեդների կողմից: Այն լույս կտեսնի Doubleday հրատարակչությունում 2017 թվականին:
«Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը» հեքիաթի տեքստը հայտնաբերվել է 2011 թվականին Բերքլիի համալսարանում (Կալիֆոռնիայի նահանգ) գրողի արխիվում:
Մարկ Տվենը (1835-1910) ամերիկյան գրականության դասական է, երգիծական արձակի վարպետ: Նրա առավել հայտնի ստեղծագործությունների թվում են՝ «Թոմ Սոյերի արկածները» (1876), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884) և ուրիշներ: