Մանուկ հասակում դաժան վերաբերմունքի արժանացած մարդիկ ավելի շատ են հակված ունենալու խոլեստերինի բարձր մակարդակ եւ դիաբետ արդեն ավագ տարիքում։ Այս կարեւորագույն թեմայի վերաբերյալ հետազոտությունը հրապարակվել է Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում։
Մինչ այդ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը, մանուկ հասակում անբարենպաստ փորձի այլ տեսակների հետ միասին, մեծացնում է ճարպակալման, 2-րդ տեսակի դիաբետի առաջացման, խոլեստերինի բարձր մակարդակի եւ արյան բարձր ճնշման վտանգը, ինչն, իր հերթին, հանգեցնում է սրտային հիվանդությունների վտանգի բարձրացմանը։
Մյուս կողմից՝ այլ հետազոտություններում նշվել է, որ նպաստավոր հարաբերություններ ունեցող ընտանիքներում դաստիարակությունը, լավ հարաբերությունները հանգեցնում են ուղիղ հակառակ արդյունքի եւ կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Սույն հետազոտությամբ գիտնականներն ուսումնասիրել են, թե կարող է արդյոք նպաստավոր ընտանիքներում մանուկ հասակում հարաբերությունների դաստիարակումը նվազեցնել ավագ տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործոնների ազդեցությունը, տեղեկացրել է Planet Today-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են երիտասարդների կորոնար զարկերակների (CARDIA) առաջացման վտանգի հետազոտության տվյալները 5 115 սեւամորթ եւ սպիտակամորթ մեծահասակների մոտ։ Հետազոտության սկզբում մասնակիցների միջին տարիքը 25 տարեկան էր։ Նրանք բոլորը ամեն տարի դիտարկման սկզբում եւ մինչեւ հաջորդ դիտարկում կլինիկական բուժզննում էին անցել 30 տարվա ընթացքում։
33-45 տարեկանում նրանց խնդրել էին լրացնել հարցաթերթիկ, որում պետք է մանրամասն նկարագրեին իրենց ընտանեկան կյանքը մանուկ հասակում։ Թեմաները ներառում էին ինչպես դաժան վերաբերմունքի (ինչպիսին են ֆիզիկական տրավմաները կամ վտանգի զգացողությունը վիրավորանքներից եւ սպառնալիքներից), այնպես էլ այն հարցերը, որոնք վերաբերում էին դաստիարակությանը եւ ծնողների հոգատարությանը, ընտանեկան տնտեսության կազմակերպմանը։
Մասնակիցների մոտ 30 տոկոսը պատմել է դաժան վերաբերմունքի պատահական կամ հաճախակի չարաշահման մասին, 20 տոկոսը տեղեկացրել է ոչ մեծ ժամանակաընթացքում չարաշահման մասին, իսկ մասնակիցների կեսը տեղեկացրել է, որ դաժան վերաբերմունք չի եղել առհասարակ, եւ դաստիարակության մակարդակն էլ բարձր է եղել։
Գիտնականները նկատել են, որ հետազոտության այն մասնակիցները, որոնք տեղեկացրել էին մանուկ հասակում դաժան վերաբերմունքի մասին, որպես կանոն, 2-րդ տեսակի դիաբետի եւ խոլեստերինի բարձր մակարդակի առաջացման (բայց ոչ ճարպակալման կամ արյան ճնշման) ավելի բարձր վտանգի էին ենթարկված, այն մեծահասակների համեմատ, որոնք առհասարակ բռնության չէին ենթարկվել։ Սակայն վտանգի չափը կախված էր նաեւ սեռից եւ ռասայից։
Նրանք հայտնաբերել են, որ սպիտակամորթ կանայք եւ տղամարդիկ, որոնք տեղեկացրել էին դաժան վերաբերմունքի ցածր մակարդակի մասին, 26 եւ 35 տոկոսով խոլեստերինի ավելի բարձր մակարդակ ունեին, քան նրանք, որոնք չէին տեղեկացրել չարաշահումների մասին։ Գիտնականները նաեւ նկատել են, որ սպիտակամորթ տղամարդկանց մոտ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը 81 տոկոսով ավելի բարձր էր, քան այն մեծահասակների մոտ, որոնք մանուկ հասակում բռնության չէին ենթարկվել։
Այնինչ, սեւամորթ տղամարդկանց եւ սպիտակամորթ կանանց մոտ, որոնք մանուկ հասակում դաժան վերաբերմունքի էին արժանացել, 3,5 անգամ ավելի հաճախ էր խոլեստերինի մակարդակն ավելի բարձր, քան ընդհանրապես բռնության չենթարկվածների մոտ։
Հետազոտողները նշել են, որ իրենց ստացած արդյունքները որոշ սահմանափակումներ ունեն։ Նախ՝ նրանց եզրահանգումները հիմնված են ռետրոսպեկտիվ տվյալների եւ դաստիարակությանը նվիրված միայն մեկ հարցման վրա։ Գիտնականները նշել են, որ, քանի որ հարցման արդյունքները հիմնված են հիշողությունների վրա, դրանք կարող են այնքան էլ ճշգրիտ չլինել։ Նրանք ավելացրել են, որ չեն ունեցել նաեւ մանուկ հասակում մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսի տվյալները։
«Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որպեսզի ավելի լավ հասկանանք սրտային հիվանդությունների ավելի մեծաթիվ գործոնների եւ երեխաների հետ դաժան վերաբերմունքի ու ընտանեկան միջավայրի կապի պոտենցիալ մեխանիզմները, ինչպես նաեւ ռասիզմի եւ առողջության սոցիալական դետերմինանտների ազդեցությունը, որոնք, հավանաբար, ազդել են ռասայի եւ սեռի գծով մեր հայտնաբերած տարբերությունների վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, փիլիսոփայութայն դոկտոր, M.P.H., սոցիալական համաճարակաբան եւ Ատլանտայի Էմորի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի դոցենտ-հետազոտող Լիլիանա Ագուայոն։