Stem Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվել է, որ կա հատուկ սպիտակուց, որը հայտնի է որպես ինսուլինի ռեցեպտոր (INSR), որով առատ են ուղեղի սուբվենտրիկուլյար գոտու մոտ տեղակայված նյարդային ցողունային բջիջները։ Զարգացման ժամանակ նյարդային ցողունային բջիջները սկզբնավորում են ամբողջ նյարդային համակարգը, եւ դրանք պահպանվում են մեծ տարիքում։ Կյանքի ընթացքում այդ նյարդային ցողունային բջիջներն արտադրում են նոր նեյրոններ, որոնք «սատարում» են ուղեղի ենթակառուցվածքին եւ նրա գործառնությանը։
Գիտնականները մի հայտնագործություն էլ են կատարել գլխուղեղի ուռուցքներն ուսումնասիրելիս. INSR-ն կարեւոր դեր է խաղում ուղեղի հատուկ քաղցկեղային բջիջների պոպուլյացիայի աջակցման գործում։ Այդ բջիջները հայտնի են որպես գլիոբլաստոմայի ցողունային բջիջներ (GBM)։ Երբ դրանք ապաակտիվացնում են INSR-ն GBM ցողունային բջիջներում, այդ ժամանակ ինհիբիլացնում են այդ պարզունակ ուռուցքաստեղծ բջիջների աճը։
«Կարեւոր է հասկանալ այն մոլեկուլյար մեխանիզմները, որոնք վճռական նշանակություն ունեն ուղեղի ցողունային բջիջների աճի համար՝ նորմալ եւ աննորմալ աճի պայմաններում,- նշել է հետազոտության հեղինակ, Ռաթգերսի (Նյու Ջերսիի բժշկական դպրոց) ռեգեներատիվ նեյրոկենսաբանության լաբորատորիայի տնօրեն, դեղաբանության, ֆիզիոլոգիայի եւ նեյրոկենսաբանության ամբիոնի նյարդաբանության պրոֆեսոր Սթիվեն Լեւինսոնը։- Այդ պարզունակ բջիջները կարգավորող ազդանշանները հասկանալը կարող է երբեւէ հանգեցնել ուղեղի խանգարումների բուժման նոր մեթոդների ստեղծման»։
Նեյրոդեգեներատիվ շատ խանգարումներ, ինչպիսին են ցրված սկլերոզը, Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունները, կապված են գլխուղեղի բջիջների քայքայման հետ, նշել է հետազոտության համահեղինակ, վերոնշյալ հաստատության պրոֆեսոր Թերեզա Վուդը։
INSR բջջային ռեցեպտորները սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք գտնվում են բջիջների մակերեսին։ Բնական կամ մարդու կողմից ստեղծված նյութերը, որոնք բացում են ռեցեպտորի «փականը», կարող են խթանել բջջին, որպեսզի այն տրոհվի, տարբերակվի կամ մահանա։ Որոշելով, թե ինչ ռեցեպտորներ են կատարում այդ ֆունկցիաները բջիջների կոնկրետ տեսակների պարագայում եւ հասկանալով դրանց կառուցվածքն ու ֆունկցիաները՝ գիտնականները կկարողանան ստեղծել նյութեր, որոնք կգործեն որպես ռեցեպտորների բանալիներ՝ դրանք միացնելու կամ անջատելու համար։