Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք հաստատում են օրգանիզմի համար վիտամին D-ի օգտակարությունը, շատերը խորհուրդ են տալիս խմել համապատասխան սննդային հավելումներ, քանի որ ձմռանը արևի լույսի պակաս կա: Այնուամենայնիվ, այս վիտամինը կարող է անօգուտ և նույնիսկ վնասակար լինել, եթե օրգանիզմը այն պատշաճ կերպով չի կարողանում յուրացնել: Իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ձեր օրգանիզմը բավականաչափ մագնեզիում չի ստանում: Այս միկրոտարրն օգնում է լավ յուրացնել վիտամին D-ն և նվազեցնում է օստեոպորոզի վտանգը:
Վերջին տասնամյակների ընթացքում սննդակարգի փոփոխությունները հանգեցրել են նրան, որ մենք սննդի հետ բավարար քանակությամբ մագնեզիում չենք ընդունում (հատկապես, երբ սննդակարգում գերակշռում են ջերմային մշակում անցած մթերքները): Մարդու օրգանիզմին մեկ օրում անհրաժեշտ է շուրջ 320-420 մգ մագնեզիում, այնինչ մարդկանց մեծ մասը ստանում է դրա հազիվ կեսը: Մագնեզիումի անբավարարության պատճառով բարձրանում է կալցիումի և ֆոսֆատների մակարդակը, ինչը կարող է հանգեցնել անոթների խցանման:
Գիտնականները խորհուրդ են տալիս վերահսկել մագնեզիումի մակարդակը օրգանիզմում և վիտամին D-ի հավելումներ չընդունել, եթե կա մագնեզիումի պակաս: Մագնեզիումով հարուստ են բանանը, ընկույզը, նուշը, ձավարեղենը, ձվի դեղնուցը, լոբազգիները, բրոկկոլին և այլ կանաչ բանջարեղենը: